Ժամանակակից կինը բազմաֆունկցիոնալ է, կարող է համատեղել աշխատանքը, ընտանիքը և նախասիրությունները

Քաջարանի մշակույթի պալատից տեղեկացնում են, որ մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպվել է համայնքի ձեռներեց կանանց աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Մշակույթի պալատի ճեմասրահում ներկայացվել են բազմատեսակ աշխատանքներ։

Գրադարանի երկարամյա վարիչ Լարիսա Անդրեասյանը ներկայացել է յուրօրինակ ասեղնագործ կտավներով։

Շատ մեծ հետաքրքրություն են առաջացրել Արմինե Կարապետյանի ուլունքագործ և հելունագործ պայուսակները, զարդերը և այլ աքսեսուարները։

Տեքստիլ ձեռագործ աշխատանքներով հանդես են եկել «Գտնված երազ» մանկապարտեզի աշխատակիցներ Լիանա Գրիգորյանը և Սեդա Գեղամյանը, ովքեր աշխատանքից հետո էլ ժամանակ են գտնել ստեղծագործելու՝ նրբաճաշակ գլխազարդեր և ասեղնագործ այլ իրեր պատրաստելով:

«Նոնա Իսրայելանը ծանոթ է համայնքի բնակիչներին իր «Տորթեր Քաջարանում» ապրանքանիշով և սիրով արձագանքել է հրավերին` ներկայացնելով ժամանակակից տենդենցներին համապատասխանող քաղցրավենիքի իր տեսականին՝ բենթո տորթեր, քապքեյքներ և բաժակների մեջ դեսերտներ։

«Մանե Հարությունյանն ընդամենը մեկ ամիս է, ինչ զբաղվում է ձեռագործ շոկոլադե սալիկների պատրաստմամբ, բայց նրա արտադրանքն արդեն սիրվել է, մեծ պահանջարկ ունի համայնքում և ոչ միայն։ Իսկ երկու փոքրիկ տղաների մայր Աննա Թադևոսյանը ցուցահանդեսին մասնակցել է ֆետրե աշխատանքներով, ինչպես նաև գունագեղ թխվածքաբլիթներով։ Երիտասարդ մայրիկն ասում է, որ իր զբաղմունքը սիրողական է և առօրյա հոգսերից կտրվելու մի տարբերակ»,- պատմում է ցուցահանդեսի կազմակերպիչ, Քաջարան կինոթատրոնի համակարգող Իրինա Հովհաննիսյանը։

Նախաձեռնության հեղինակները ոգևորությամբ են պատմում, որ ցուցահանդեսին մասնակցել են նաև մայրաքաղաքում բնակվող հայրենակից կանայք։

«Առավել գնահատելի էր, որ ցուցահանդես-վաճառքին մասնակցեցին նաև ծնունդով քաջարանցի, բայց երևանաբնակ ձեռներեց երիտասարդ կանայք, որոնք իրենց արտադրանքով արդեն կայացել են հայկական շուկայում։ Օրինակ՝ Մարիամ Հակոբյանը, որը ներկայացնում է «Տնամեջ» ապրանքանիշը, հանդես է եկել իր ընկերության հրուշակեղենի ցուցադրությամբ, Ելենա Աբրահամյանը ներկայացրել է «Թելատու» ապրանքանիշի տեքստիլ արդադրանքը, իսկ Անժելիկա Ղազարյանն «Angy’s sweets» հրուշակեղենով քաղցրացեց մեր միջոցառում։ Մի խոսքով՝ օրը գունեղ էր, լի համեղություններով ու դրական լիցքերով»,- ասաց մշակույթի պալատի տնօրեն Նարա Մկրտչյանը։

Այդքանով, սակայն, անակնկալները չէին ավարտվել. Քաջարանում ճանաչված և սիրված վարսահարդարման և դիմահարդարման մասնագետներ Լիլիթ Բարսեղյանը և Անուշ Հարությունյանը վարպետաց դաս են անցկացրել՝ խոսելով գեղեցկության գարնանային թրենդների մասին։

Նախաձեռնությունը միտում ուներ ներկայացնելու համայնքի շնորհաշատ կանանց, հերթական անգամ ապացուցելու, որ ժամանակակից կինը բազմաֆունկցիոնալ է և կարող է համատեղել աշխատանքը, ընտանիքի հոգսը և նախասիրությունները։

Ցուցահանդեսին ներկա են գտնվել և իր խրախուսական մաղթանքներով մասնակիցներին ոգևորել Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, այլ հյուրեր։

ajax-loader