Վարչապետը պետական կառույցներին հանձնարարեց դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարեց դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան։ Փաշինյանն այս հանձնարականը տվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Մեզ պետք է դադարեցնել այն պրակտիկան, երբ պետական հիմնարկները դառնում են ավանդական բարեգործության օբյեկտ։ Օրինակ՝ 4 հատ աթոռ, հեռուստացույց և այլն, և այլն։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է և աթոռ, և հեռուստացույց գնել։

Բայց մյուս կողմից կան անհատներ և ընկերություններ, որոնք ուզում են ներգրավվել բարեգործության մեջ։

Այստեղ մենք պետք է բովանդակային հետևյալ փոփոխությունն անենք՝ բարեգործական բոլոր ծրագրերը պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարությունների շրջանակում։ Օրինակ, մենք որոշել ենք, որ կրթահամալիր ենք կառուցելու, դրա գույքը պետք է լինի բացարձակ նոր՝ մեր սահմանած չափանիշներին համապատասխան։ Բարեգործների համար, կարծում եմ, հնարավորություն կա՝ բացելու հատուկ հաշվեհամար, որ ովքեր ուզում են, թեկուզ հասցեական այսինչ կրթահամալիրի համար գումար տան՝ խնդրելով օգտագործել հենց այդ նպատակով գույք ձեռք բերելու համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ ով ուզում է անել բարեգործություն, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը։

«Թող դիմեն նախարարություն, և նախարարությունը կասի՝ որտեղ կարող են ֆինանսներն ուղղել, որովհետև հատուկ բարեգործական աթոռներ կան, որ նկարում են, հենց ռեպորտաժը վերջանում է, կոտրվում է աթոռը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը զգուշացրեց, որ այդ հանձնարարականից դուրս եկողները խիստ կպատժվեն։

«Որևէ պետական հիմնարկում չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը բրինձ է տվել, մեկն էլ Լեոնարդո դա Վինչիի օրիգինալ նկարը բերել, ուսուցչանոցում կախել է»,- եզրափակեց Փաշինյանը։

ajax-loader