ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ավելի քան 53 անձ, այդ թվում՝բարձրաստիճան սպաներ, անցնում են պետական դավաճանության քրեական գործերով: Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
Անդրադառնալով պատգամավորի՝ «5-րդ շարասյան» վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հայտարարեց. «Այս պահի դրությամբ ավելի քան 53 անձ՝ մեծ մասը զինվորականներ, սպաներ, բարձրաստիճան սպաներ պետական դավաճանության գործերով են անցնում: Ի՞նչ է պետական դավաճանությունը։ Այն է, որ մարդիկ իրենց դիրքերի տեղերը փողի դիմաց փոխանցել են հակառակորդին»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը եկել է իր աշխատասենյակ ու ասել՝ բարձրաստիճան սպաներից մեկը զորքի մեջ խուճապ է տարածում՝ ասելով, որ վարչապետը «հողերը տվել է, անիմաստ է կռվելը»:
«Վերջերս էլ լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ առիթով քրեական գործ է հարուցվել, ու այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի»,- նշեց նա:
Այս իրավիճակով պայմանավորված՝ վարչապետի խոսքով՝ դատաիրավական համակարգում գործընթացները դանդաղ, բայց ընթանում են:
«Մեր նպատակն իրոք անկախ դատական համակարգ ունենալն է: Սրա մեջ բացարձակ ձև, կեղծավորություն չկա: Իմ գնահատականն այն է, որ մենք շարժվում ենք դեպի դա, ընդ որում՝ ցավոտ կերպով, որովհետև շատ դեպքերում հանրությունն էլ մեզ չի հասկանում, ասում է՝ փոխանակ թոշակ բարձրացնենք, դատավորի աշխատավարձն ե՞ք բարձրացնում»: Բայց իմ համոզմունքը եղել է ու շարունակում է մնալ հետևյալը՝ մենք դատավորների, իրավապահ համակարգի աշխատավարձը բարձրացնում ենք առաջին հերթին հանուն քաղաքացիների»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև վստահեցրեց, որ անկեղծ կերպով շարունակում են պայքարը կոռուպցիայի դեմ: