Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին հարձակման է ենթարկվել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ հարձակման է ենթարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ, և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:

Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը:

Ապրիլի 2-ին միջադեպ էր գրանցվել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի միջև։  Կարեն Մկրտչյանը միջադեպից հետո ուղիղ եթերում հայտնել էր, որ մայրաքաղաքի կենտրոնում, նկատելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան «դավաճան» էր անվանել, ինչից հետո Ալեն Սիմոնյանը, ըստ Մկրտչյանի, անվտանգության աշխատակիցներին հրահանգել է բռնել իր թևերը և թքել է իր երեսին։ Ավելի ուշ միջադեպի վերաբերյալ գրառում արեց նաև Ալեն Սիմոնյանը։  

«Այսօր մի դեպք տեղի ունեցավ, որի շուրջ շատերը փորձեցին ձեռքերը տաքացնել: Է՛լ 30-40 անվտանգության աշխատակից, է՛լ բռնանալ, է՛լ իմ դուխից խոսալ, է՛լ տեղի ունեցածին գնահատական տալ: Ինչքան «հին մեռել» կար և վերակենդանանալու հույս ունեցող ճամբարափոխ՝ շանսը բաց չթողեց իր հեղինակավոր կարծիքն ասելու: Իզուր:))

Նախ միշտ, անկախ իմ դիրքից, թե՛ քաղաքապետարանում, թե՛ փողոցային պայքարում, թե՛ հետագայում, կարծես առիթ չեմ տվել մտածելու, որ ինձ պետք է պաշտոն կամ անվտանգություն, որ իմ ասելիքն ասեմ կամ անեմ: Դրա ապացույցները շատ են: Ինչ վերաբերում է օտարերկրացի այդ դաշնակցականի տղուն, ով հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում. առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը:

Ու միշտ տենց է լինելու, բնական է, որ մարդկանց զուգարաններում չեն ծեծելու ինչպես դաշնակցական Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ ռոբ» ասելու համար, կամ մարդկանց վրա դալաններում չեն հարձակվելու, ինչպես Սերժի ժամանակ, մեր պատգամավորները ՀՀԿ-ի ժամանակվա թիկնազորները չունեն, որ մեկը մտածի, թե կարա խփի ու հետո երկար վազի, և բնական է, որ ես 30-40 անվտանգության աշխատակից չունեմ, բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու, ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան: Հա, մի բան էլ, ինչպես հիմա եք վազելով մեզ խփում կամ վիրավորում, փախչում հետո եթեր մտնում լուսանկարվում կամ ֆեյք էջերով վիրավորանքներ գրում, այնպես էլ հետո եք վազելու, գուցե շատ ավելի արագ, դա է ձեր տեսակը, իսկ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք»,- գրել էր ԱԺ նախագահը:

ajax-loader