Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ

 Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում և Գորիսի կոորդինացիոն կենտրոնում դիմավորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և ապահովում կենսական անհրաժեշտության առաջնային պարագաներով և սննդով՝ Կառավարության բոլոր գործընկերների հետ համագործակցությամբ։ Այդ մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ մանրամասնելով բռնի տեղահանված անձանց աջակցության համար տարվող աշխատանքները:

«Մեր դեպքում ոչ միայն պարզապես դիմավորելն է, այլ նաև տեղում հիմնական կարիքներն իմանալն է և խնամքի կարիք ունեցող, հաշմանդամություն ունեցող մարդկանց լրացուցիչ կարիքները բավարարելն է։ Օրինակ՝ եթե միայնակ տարեց է, առանց ծնողի հսկողության կամ ուղեկցության երեխա է, մենք այդ դեպքերը ինքներս են կարգավորում և համայնքի ու մարզպետարանի հետ միասին կազմակերպում ենք այդ մարդկանց խնամքի հաստատություն տեղափոխումը։ Այս պահին խնամքի հաստատություններ ուղեկցել ենք 5 անձի»,- ասաց Ժամակոչյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը բռնի տեղահանված անձանց այլ կարիքները գնահատում է նրանց կեցության պայմաններն ապահովելուց հետո։

Փոխնախարարը նաև նշեց, որ այդ անձանց ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն, որը շարունակական բնույթ է կրելու։

ajax-loader