Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կիրականացվի հանքային ներուժի գնահատում և վերլուծություն

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին հանքարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը եւ հանքարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը։


Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:Հովհաննես Հարությունյանը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության եւ Համաշխարհային բանկի միջեւ առկա համագործակցության կարեւորությունը։


Վերջինս ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, Համաշխարհային բանկի աջակցության շրջանակներում մշակված՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընթացքի եւ ռազմավարության ընդունումից հետո նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաեւ ներկայացրել՝ ՀՀ կառավարության առաջնահերթությունները հանքարդյունաբերության ոլորտում։


Հանքարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը եւ հանքարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը հայտնել են իրենց պատրաստակամությունն ապագա համագործակցության վերաբերյալ՝ կարեւորելով ինստիտուցիոնալ հնարավորությունների եւ կարողությունների զարգացումը։ Նշվել է նաեւ, որ շատ կարեւոր է հանքարդյունաբերության ոլորտի ընկալումը ոչ միայն բացասական, այլեւ դրական ազդեցությունների առումով։


Պատվիրակությունը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից նախատեսվում է հանրապետությունում իրականացնել հանքային ներուժի գնահատում եւ վերլուծություն։
Փոխնախարարը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված եւ իրականացվող բարեփոխումները, կատարված աշխատանքները եւ կարեւորել է պետության եւ մասնավոր սեկտորի միջեւ արդյունավետ համագործակցությունը: Նախարարի տեղակալը հետաքրքրվել է ոլորտում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ միջազգային հաջող փորձերից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարեւորություն ունեցող այլ հարցեր եւս: Նախարարի տեղակալը ընդգծել է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը պատրաստ է համագործակցությունն ավելի ընդլայնելու եւ զարգացնելու գործում:

ajax-loader