Գեղարքունիքում հավաքվել է 47 հազար 600 տոննա հացահատիկի բերք

Գեղարքունիքի մարզում արդեն ամփոփվել են 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար հացահատիկի բերքահավաքի նախնական արդյունքները։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ մարտին Պետրոսյանը, մարզի տնտեսություններում 12642 հեկտար աշնանացան ցորենի ցանքերից  ստացվել է շուրջ 31600 տոննա համախառն բերք, 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 25 ցենտներ՝ նախորդ տարվա 16 ցենտների դիմաց:

Առանձին ֆերմերային տնտեսություններ  1 հեկտարից ստացել են շուրջ  50-60 ցենտներ  միջին բերք, ու նման ցուցանիշի ապահովման վրա իր դրական ազդեցությունն է ունեցել  «ՀՀ- ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում 2023 թվականի ՀՀ կառավարության կողմից մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին որպես սուբսիդիա հատկացվել է շուրջ  806 միլիոն  դրամ, որի շնորհիվ տնտեսավարողները ցորենի ցածր գների ներկայիս պայմաններում կարողացան  փոխհատուցել իրենց  կատարած ծախսերը և որոշակի շահույթ ապահովել:

2023 թվականին մարզի համայնքներում առկա 8888 հեկտար գարնանացան հացահատիկային  մշակաբույսերի ցանքերի 1 հեկտարից միջին հաշվով ստացվել է շուրջ 17 ցենտներ բերք՝ ապահովելով 15100 տոննա համախառն բերք: Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին  մարզում աշնանացան և գարնանացան  հացահատիկային մշակաբույսերի ցանքերից ստացվել է շուրջ 47600 տոննա հացահատիկ, որը կծառայի պարենային անվտանգության խնդրի մեղմմանը:

Այժմ ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ 6498 հեկտար ցանքերից բերքահավաքը իրականացվել է շուրջ 3925 հեկտարի վրա, որի 1 հեկտարից  միջին հաշվով ստացվում է 200-220 ցենտներ բերք՝ նախորդ տարվա 165 ցենտների դիմաց: 2022 թվականի 116 հազար տոննա կարտոֆիլի համախառն բերքի դիմաց այս տարի կանխատեսվում է ստանալ շուրջ 136 հազար տոննա համախառն բերք:

Արդեն իսկ  ավարտվել է  անասնակերի կուտակման աշխատանքները,  կուտակվել է շուրջ 135000 տոննա խոտ և 24327 տոննա ծղոտ, նախորդ՝ տարվա 105000 տոննա խոտի և 12000 տոննա ծղոտի փոխարեն:

Կուտակված անասնակերը բավարար է գյուղատնտեսական կենդանիների  ձմեռացումն  ապահով և անկորուստ անցկացնելու  համար: Շարունակվում  է աշնանացանի իրականացման աշխատանքները։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կատարվել է շուրջ 5500 հեկտար աշնանացան ցորենի ցանք, աշխատանքներն  ընթացքի մեջ են։ Սպասվում  է, որ այս տարի կկատարվի շուրջ 8000 հեկտար աշնանացան:

ajax-loader