Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեցլ է նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ինչպես նաև պատմական սրբավայրերի, Սփյուռքում և Արցախում ազգային-հոգևոր ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Իր խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը լուսաբանություններ է տվել տարբեր հարցերի առնչությամբ՝ պատրաստակամություն արտահայտելով փոխառնչված ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման և ի նպաստ զանազան խնդիրների կարգավորման ջանքերի ու հնարավորությունների մեկտեղման։ Տիկին Ժ․ Անդրեասյանը մասնավորապես անդրադարձ է կատարել պատմական վանքերի ու եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրաձայնել է Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ՝ հաստատելով, որ պետություն-Եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմքը կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի։ Այս իմաստով Նորին Սրբությունը նկատել է, որ Եկեղեցու ակնկալությունն է, որ վերսկսվեն ձևավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները և առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ։
Այս առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ կարևորելով դպրոցում արժեքային դաստիարակության բաղադրիչի պահպանումը, նաև ընդգծելով ազգային դպրոցի ձևավորման և կայացման գործում Հայոց Եկեղեցու մեծ ավանդը։

Քննարկվել է նաև պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրում ընդհանուր սկզբունքներին և փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության անխաթար պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է գործակցությունը նախարարության և Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության պահպանության գրասենյակի միջև, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Վեհարանի թանգարան, նաև ծանոթացել Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին։

ajax-loader