Լուսնի հակառակ կողմից չինական զոնդը վերադառնում է Երկիր

Չինաստանը հայտարարել է, որ իր լուսնային զոնդը հաջողությամբ թռել է Լուսնի հակառակ կողմից՝ սկսելու իր ճանապարհորդությունը դեպի Երկիր։ Այն իր հետ բերում է Լուսնի տվյալ հատվածից հավաքված առաջին նմուշները, հաղորդում է BBC-ն։

«Չանյե-6» զոնդը, որն անվանվել է չինական դիցաբանության լուսնի աստվածուհու անունով, հաջողությամբ վերելք է կատարել տեղական ժամանակով առավոտյան 07:38-ին՝ սկսելու հետդարձի ճանապարհը:

Լուսնային զոնդը Լուսնի հարավային բևեռի մոտ վայրէջք էր կատարել հունիսի 2-ին՝ դառնալով աշխարհում առաջին նման առաքելությունը:

BBC-ն նշում է, որ Չինաստանը միակ երկիրն է, որը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում․ Պեկինը դա արել է նաև 2019 թվականին:

Չինաստանի Տիեզերական տարածության ազգային վարչությունը առաքելությունն անվանել է «աննախադեպ սխրանք մարդու կողմից լուսնի հետազոտության գործում»:

Լուսնի հակառակ կողմ տեխնիկապես դժվար է հասնել խորդուբորդ տեղանքի և խորը խառնարանների պատճառով:

Չինաստանի առաքելությունը նպատակ ունի Լուսնի այդ հատվածից առաջինը Երկիր բերել քարերի և հողի նմուշներ, որոնք, գիտնականների կարծիքով, կարող են շատ տարբեր լինել Լուսնի այս կողմից հավաքված նմուշներից։

Նախատեսվում է, որ չինական լուսնային զոնդը Երկրում վայրէջք կկատարի 3 շաբաթից։

ajax-loader