Հայաստանում պետությունը նախաձեռնել է խաղողի տնկարկների քարտեզագրման, մշակվող խաղողի սորտերի և այլնի մասին ինֆորմացիայի հավաքագրման աշխատանքներ․ ողջ ինֆորմացիան կմուտքագրվի մեկ համակարգի մեջ, որը փորձնական կմեկնարկի հաջորդ տարվանից: Համակարգում ֆերմերները կհայտարարագրեն կանխատեսվող բերքը, ինչը թույլ կտա սերտացնել ֆերմեր-մթերող կապը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ պետության նպատակն է անմիջական կապ ստեղծել մթերողների և ֆերմերների միջև:
«Ուզում եմ խոսել մի նախաձեռնության մասին, որը արդեն երկու տարի է՝ նախաձեռնել ենք այս ոլորտը կանոնակարգելու համար: Մենք այն անվանում ենք գինու կադաստր կամ խաղողի ռեեստր: Նոր ծրագրով հինգ մարզերում իրականացվել է խաղողի տնկարկների քարտեզագրում, իրականացվել են հարցազրույցներ ֆերմերների հետ` հասկանալու համար, թե ի՞նչ խաղողի սորտեր են մշակում, քանի որ մինչ օրս այդ տեղեկատվության վերաբերյալ կային տարատեսակ չճշտված տեղեկություններ, և ընդհանուր առմամբ դժվար էր լինում կանխատեսել բերքատվությունը: Խաղողի տարբեր սորտեր տարբեր բերքատվություն ունեն: Իրականացվել են այդ բոլոր աշխատանքները, և այժմ ամբողջ հարցազրույցներն ու տեղեկատվությունը՝ տեղադիրքերի և խաղողի այգիների սեփականատերերի վերաբերյալ, ներմուծվում է համակարգ, և մենք մտադիր ենք այդ համակարգը 2024 թվականին փորձնական մեկնարկել»,- նշեց Խոջոյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ համակարգում ներգրավված կլինեն ֆերմերները, որոնք կունենան իրենց արտադրության քանակների մասին հավաստող քարտերը: Իրենք նախապես պետք է հայտարարագրեն, որ իրենց կանխատեսումներով այսքան բերք է ակնկալվում, և մթերող կազմակերպությունները արդեն կմթերեն հենց ֆերմերներից:
«Մենք փորձում ենք կապ ստեղծել ավելի շատ մթերողների և ֆերմերների միջև: Եվ, իհարկե, խաղողի մթերման գործընթացներում որոշակի օրենսդրական փոփոխությունների արդյունքում, կարծում եմ, մենք կունենաք ավելի արդյունավետ մեխանիզմներ վերահսկումը և մոնիթորինգը իրականացնելու համար»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին տեղի են ունեցել մատակարարման շղթաների խաթարումներ և շուկաների վերադասավորումներ, որոնց համար հիմք է ծառայել նաև Covid-19-ի համավարակը:
«Այդ ժամանակ էապես կրճատվեց Հայաստանից արտահանվող կոնյակի սպիրտի քանակը: Համեմատության համար նշեմ, որ եթե 2019 թվականին Հայաստանից արտահանվել է 14,5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ, ապա 2022 թվականին այն եղել է 3,3 միլիոն, և դա խոսում է նրա մասին, որ առնվազն կոնյակի սպիրտի շուկան բավականին մեծ բացասական ազդեցությունների է ենթարկվել: Դրան նպաստել են նաև բեռնափոխադրումների ոչ կայուն իրականացումները, ծանրաբեռնվածությունները և լոգիստիկ ծախսերի մեծացումները, նպաստել են նաև տարբեր ժամանակներում ռուբլու, դոլարի արժույթների տատանումները, և այս ամենը, իհարկե, իրենց ազդեցությունն են ունեցել արդեն արտահանվող քանակների վրա»,- ասաց նախարարի տեղակալը:
Ըստ նրա՝ նախարարությունը յուրաքանչյուր տարի փորձում է գտնել առավել արդյունավետ մեխանիզմներ:
Անդրադառնալով ոլորտում տրամադրվող հատուկ վարկերին՝ նա նշեց, որ դրանք տրվում են վերամշակող կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան վաճառքի դիմաց գումարները ֆերմերներին ժամանակին վճարել: Ըստ նրա, եթե վերամշակող կազմակերպությունը օգտվում է պետական օժանդակության ծրագրից և կարողանում է ներգրավել ֆինանսական ռեսուրսներ ծրագրի շրջանակում, այդ գումարները ուղիղ վճարվում են ֆերմերներին մատակարարված մթերքի չափով:
«Եվ կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մթերումների շուրջ 65 տոկոսը իրականացվել է հենց պետական ֆինանսական ռեսուրսների ներգրավմամբ»,- ասաց նա։
Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև դժգոհություններին, թե պետական աջակցության ծրագրերից օգտվող վերամշակող կազմակերպությունները ժամանակին չեն կատարում վճարումները մթերված խաղողի դիմաց։ Փոխնախարարը պարզաբանեց, որ, հնարավոր է՝ որևէ կազմակերպություն իրականացնում է պայմանական 10 միլիարդ դրամի մթերում, սակայն պետական աջակցության ծրագրով ներգրավում է 8 միլիարդ դրամ ռեսուրս, հետևաբար մթերողը ստանում է 8 միլիարդ դրամ, իսկ 2 միլիարդ դրամն արդեն նրանք կվճարվեն մթերող կազմակերպության հետ իրենց պայմանագրի հիման վրա։
Նախարարի տեղակալն ընդգծեց, որ փորձելու են այդ խնդիրը առաջնային լուծել, որովհետև, երբ ֆերմերները վաճառքի դիմաց ժամանակին ստանում են իրենց գումարները, կարողանում են ճիշտ կազմակերպել իրենց գյուղատնտեսական տարին: