Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը մասնակի տուժել է հեղեղումներից

Դեբեդ գետի հեղեղումներից մասնակի տուժել է նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը։ Այդ մասին armhanq.com-ին հայտնեց Ախթալայի ԼՀԿ ի գլխավոր Ճարտարագետ Դավիթ Աբգարյանը։

«Թեպետ ընկերության տարածքն առանձնապես չի տուժել, մասնակի վնասվել է պոմպակայանը, որը ջրին մոտ է եղել։ Բացի այդ, խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, քանի որ մեկուսացված ճանապարհի պատճառով աշխատակիցների մի մասը, գտնվելով գետի մյուս ափի բնակավայրերում, առայժմ չի կարողանում գործի գալ»,- ասաց նա։

Աբգարյանը տեղեկացրեց, որ այս պահին որոշակի աշխատում են միայն հանքերում, կոմբինատը չի գործում։ Մայիսի 30-ից կսկսեն վերականգնել աշխատանքի բնականոն ընթացքը։

Կոմբինատը նյութերի հետ կապված խնդիր չունի առայժմ, սակայն հնարավոր է, որ շուտով խնդիրներ առաջանան։

«Ամենագնացների միջոցով մասնակի փոխադրումներ ենք կատարում սարամիջյան ճանապարհով, բայց կարող ենք լուրջ խնդրի առաջ կանգնել՝ կապված խտանյութի առաքման հետ։ Մայիսի 31-ին նախատեսված է առաքում կատարել, սական չենք կարողանում, որովհետև տեխնիկան չի կարողանում մոտենալ»,- ներկայացրեց Դավիթ Աբգարյանը։

Ախթալայի ԼՀԿ-ն, գործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, հնարավորինս աջակցում է ջրհեղեղի հետևանքների վերացմանը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա, տեղի բնակչությանն ապահովելով տեխնիկական ջրով և այլ հարկավոր աշխատանքներով։

ajax-loader