Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը. Փաշինյան

Այն հատվածներում, որտեղ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատվել է, ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը: Այդ մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:

Նա ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանը:

«Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան սահմանազատված սահմանը, դրան պետք է չհավատաք: Հետևաբար, այն հատվածներում, որտեղ ունենք սահմանազատված սահման, ապահովված է անվտանգության ամենաբարձր հնարավոր երաշխիքը»,– ասաց Փաշինյանը:

2024 թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: 

ajax-loader