Ազգային լեզուներով համացանցում հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնելու հարցեր են քննարկվել Երեւանում այսօր` մարտի 28-ին տեղի ունեցած «Համընդհանուր ընդունման օր» տարածաշրջանային համաժողովում։ Այն կազմակերպել էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ «Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» (ICANN) ու «Ինտերնետ ցանցի ազգային դոմենի կոորդինացիոն կենտրոն» ՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։
Հայաստանը, Սերբիան, Եգիպտոսը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Ուզբեկստանը համաժողովում ներկայացրին, թե ինչ քայլեր են իրականացնում համացանցում իրենց ազգային դոմենների եւ դրանցով գրանցված էլ. փոստերի համընդհանուր կիրառելիությունը համացանցում ապահովելու համար։
Հայաստանում գործընթացի նախաձեռնող-տեխնիկական թիմն արդեն իսկ մշակել է լուծումներ։ Ինչպես հայերենի՝ .հայ դոմենով, այնպես էլ այլ լեզուների դեպքում տեխնիկական լուծումների նպատակն օպերացիոն տարբեր համակարգերում (Goole, Microsoft եւ այլն) լիովին հայատառ էլ.փոստը (անուն@էլփոստ.հայ), դոմենների կիրառումը եւ որոնումները հնարավոր դարձնելն է։ Հայ մասնագետները փաստեցին, որ տեղական մակարդակում՝ լոկալ սերվերներում, լիովին հայատառ էլ.փոստն արդեն գործում է, ինչն աննախադեպ է։ Այսպիսով, համացանցում նաեւ ազգային լեզվով բովանդակությունը հարստացնելու եւ զարգացնելու լայն դաշտ է ստեղծվում։ Համընդհանուր ընդունում (Universal Acceptance) համաշխարհային շարժման շրջանակում տեխնիկական լուծումներն ավարտելուց հետո հնարավոր կդառնա ազգային լեզուները կիրառել նաեւ միջազգային մակարդակում, այսինքն, օպերացիոն բոլոր համակարգերում։
«Համընդհանուր ընդունման օրը»՝ մարտի 28-ը, այս տարի աշխարհը նշում էր առաջին անգամ։ Աշխարհի 40 երկրներում անցկացվեց 50 միջոցառում։ Շարժումը նախաձեռնել է Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան (ICANN)՝ համագործակցելով ոլորտի առաջատար Goole, Apple եւ այլ ընկերությունների հետ։ Նպատակը ոչ լատինատառ դոմենները եւ էլ. փոստերն աշխարհում բոլոր սարքերի, հավելվածների ու համակարգերի համար ընդունելի եւ կիրառելի դարձնելն է, ինչպես նաեւ ինտերնետ հանրությունն ընդլայնելը՝ ինտերնետ հասանելիության ապահովմամբ։