Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները:
Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք, հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման գործընթացին դիտորդների միջոցով մասնակցելու հնարավորություն:
Հաշվառված կազմակերպությունները և դիտորդների տվյալները կհրապարակվեն գնումների պաշտոնական տեղեկագրում, դիտորդներին կտրամադրվեն վկայականներ, որոնք անխոչընդոտ կապահովեն գործընթացներին մասնակցության հնարավորությունը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց.
«ՀՀ գնումների մասին օրենքով նախատեսված է մի նորմ, որի համաձայն քաղհասարակությունը` ՀԿ-ները եւ հետաքննող լրագրողները, մրցույթին մասնակցած, սակայն հաղթող չճանաչված կազմակերպությունները իրավունք ունեն վերահսկելու պայմանագրերի կատարման ընթացքը եւ ներկայացնել խորհրդատվական բնույթի դիրքորոշում, որը պետք է ստանա արձագանք եւ հրապարակվի:
Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տվել քաղհասարակության ցածր մասնակցությունը, որի առանցքային պատճառներից է համեմատաբար բարդ ընթացակարգը, որի պայմաններում այս կամ այն ՀԿ-ն ստիպված է ամեն մի պայմանագրի համար նորից հավաքել եւ ներկայացնել նույն փաստաթղթերը, ամեն անգամ անցնելով վավերացման գործընթաց: Այս նախագիծը կոչված է զգալիորեն պարզեցնել մասնակցության գործընթացը: ըստ այդմ, ֆինանսների նախարարությունը վարելու է ՀԿ-ների եւ լրագրողների ցուցակ, որում ներառվելը կնշանակի, որ ՀԿ-ն այլեւս կարիք չի ունենա յուրաքանչյուր պայմանագրի համար դիմելու պատվիրատուին»:
Նրա խոսքով, ցուցակում ներառվելու համար պետք է ֆինանսների նախարարություն ներկայացնեն գործունեության իրականացման էլփոստի հասցեները, պետական գրանցման վկայականի պատճենը, վերահսկման գործընթացում դիտորդների տվյալները»:
Իր հերթին վարձապետ Փաշինյանն ասաց. «Այսինքն ցանկացած ՀԿ կարող է հավատարմագրվել ֆինանսների նախարարությունում եւ դրա բերումով գնալ, վերահսկել մանկապարտեզների, դպրոցներ, ճանապարհների, բուժկենտրոնների շինարարությունը, ընդհանրապես, գնումների հետ կապված ցանկացած ընթացակարգ: Սա կարող է առիթ լինել, որ շինհրապարակների կուլտուրան բարելավվի»: