ՀԲ-ի հետ կիրագործվի կոշտ թափոնների կառավարման նախագիծ

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ:

Քաղաքապետարանից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քաղաքապետին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երեւանում արված գնահատման արդյունքներն ու առաջարկները: Գործողությունների «Ճանապարհային քարտեզ», կարճաժամկետ եւ միջնաժամկետ նշաձողեր, ոլորտի քաղաքականության մշակում. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք բանկն առաջարկում է համայնքին:

Հանդիպմանը Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ թափոնների կառավարման առումով քաղաքի ներկայիս կարիքները համակարգային լուծումներ են պահանջում: Նա նշել է, որ համայնքը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը տասնամյակների կուտակված խնդիրներին կտա արդյունավետ լուծումներ:     

Կարեւորելով Երեւանի քաղաքապետարանի հետ գործակցության ընդլայնումն ու համատեղ նոր ծրագրերի իրականացումը՝ Սամեհ Վահբան իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է աջակցել համայնքին ինչպես խորհրդատվական աջակցության, այնպես էլ գործնական ծրագրեր իրագործելու տեսակետից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանկի կողմից իրականացված վերլուծության հիման վրա ըստ առաջնահերթության առանձնացնել գործողությունների հստակ ծրագրեր:

ajax-loader