440 մլն դրամ՝ Սյունիքի մարզի 40 կրթօջախների նախագծանախահաշվային փաստաթղթերի համար

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով կառավարության որոշման նախագիծը, որով պետական բյուջեից 440 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար, ասաց․

«Որոշմամբ հերթական քայլն է արվում կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ու նախակրթարանի վերակառուցման, կառուցման ու հիմնանորոգման ուղղությամբ»:

Նախարարը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ստեղծել 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի 7 խոշորացված համայնքում, որի համար նախատեսված գումարը կուղղվի կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությանը:

Անդրեասյանի խոսքով, կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնց կառուցումն սկսվել էր ավելի վաղ: 

Հայտնելով, որ նմանատիպ աշխատանքները շարունակվում են նաև մյուս մարզերում՝ ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն ավարտել է այցերը Արարատի և Կոտայքի մարզեր և առաջիկա երկու ամսում պատկերը կամբողջացնեն:

«Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ 300 դպրոցի ծրագրով մենք կնախագծենք և կկառուցենք շուրջ 150 կրթահամալիր գյուղական բնակավայրերում, ինչը թույլ կտա ամբողջությամբ կարգավորել փոքր գյուղական բնակավայրերում որակյալ կրթության հասանելիության հարցը»,-հայտարարեց Անդրեասյանը:

ajax-loader