Հայաստանի առաջարկած առաջնահերթությունները թույլ կտան ակտիվացնել գործակցությունը ԵԱՏՄ-ում․ Ղազախստանի դեսպան

Տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) վերափոխվել է միջազգային տարածքում կարևոր և հեռանկարային ինտեգրացիոն միավորման: «Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա նիստին այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նշված ժամանակահատվածում ընդունվել են ավելի քան 1000 նորմատիվ ակտեր, որոնք կարգավորում են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական գործունեությունը:

«Ինտեգրացիոն փոխգործակցության բարձր մակարդակն ամրապնդվում է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացմամբ, արդյունաբերական կոոպերացիայի զարգացմամբ և ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորմամբ։ Այս կարճ ժամանակահատվածում, պատմական չափանիշներով, Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ինտեգրացիոն միավորման մասնակից երկրների հետ աճել է 1.7 անգամ ՝ հասնելով 28.5 մլրդ դոլարի, իսկ արտահանումը ՝ ավելի քան երկու անգամ ։ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը նպաստում է Ղազախստանի տնտեսության առաջանցիկ զարգացմանը։ Մեր երկիրը նաեւ կարևոր նշանակություն է տալիս ԵԱՏՄ շրջանակներում կոոպերացիաների զարգացմանը»,- հավելել է դիվանագետը։

Իմանբաևը նշել է միասնական համակարգային գործող առանց խոչընդոտների ներքին շուկայի ապահովման կարևորությունը, բացառել թաքնված սահմանափակումների կիրառման պրակտիկան։

«Անհրաժեշտ է նաև պայմաններ ստեղծել եվրասիական արտադրանքի ակտիվ ելքի համար արտասահմանյան շուկաներ և ապահովել ապրանքների անարգել տարանցումը երրորդ երկրներ»,- շարունակել է դիվանագետը՝ մատնանշելով արտասահմանյան երկրների հետ տրանսպորտային կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Որպես ԵԱՏՄ շրջանակներում գործունեության գերակա ուղղություն Իմանբաևը նշել է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքի արդիականացումն ու ընդլայնումը, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի խորացումը, պարենային անվտանգության ապահովումը:

«Շատ կարևոր է, որ պարենային անվտանգության հարցը ԵԱՏՄ- ում հայկական նախագահության առաջնահերթությունների թվում է»,- շարունակել է Ղազախստանի դեսպանը:

Միաժամանակ նա փաստել է, որ ԵԱՏՄ գոյության ընդամենը 10 տարիների ընթացքում մասնակից պետությունները տպավորիչ արդյունքների են հասել բոլոր ուղղություններով։

«Ցուցանիշները, կոնկրետ թվերը վկայում են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների փոխշահավետ կոոպերացիայի մասին։ Բայց, հաշվի առնելով ԵԱՏՄ- ի հսկայական ներուժը, պետք է անել ավելին»,- ասել Է դիվանագետը։

Վերջում Իմանբաևը հաջողություն է մաղթել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը:

«Վստահ եմ, որ Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանի կառավարությունը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունն այդ միավորման շրջանակներում։ Ղազախստանը մտադիր է հետագայում եւս աջակցել տնտեսական ինտեգրմանը, որը հիմնված է իրավահավասարության եւ փոխշահավետ գործընկերության սկզբունքների վրա»,- ամփոփել է Ղազախստանի դեսպանը։

ajax-loader