ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաները մայիսի 2-ին այցելել են Երևանի Կենդանաբանական այգի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, օրը երեխաների հետ անցկացնելու էին եկել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:

Ըստ աղբյուրի՝ Գյումրուց ժամանած փոքրիկները պտտվել են այգում, կերակրել կենդանիներին: Փոքրիկներին պատմել են, թե ինչպե՞ս է կազմակերպվում կենդանիների խնամքը, ո՞ր կենդանին ի՞նչ է սիրում ուտել կամ ինչո՞վ է սիրում զբաղվել:

Մանկատան տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել մանկատան գործունեությունը, կարևորել նման այցերը: Մարտիրոսյանը նշել է, որ հրավիրված 21 երեխաները առաջին անգամ են Կենդանաբանական այգում և դա նրանց երազանքներից մեկն է եղել:

Նշվում է, որ Կենդանաբանական այգին այս տարի դռները բացել է մայիսի 1-ին: Տարվա ընթացքում նախատեսում են մի քանի ազատավանդակ տեղադրել տարածքում, ընդլայնել արդեն իսկ եղածը:

Այգում շրջելուց հետո երեխաները ուղևորվել են Հանրապետության հրապարակ, որտեղ հատուկ նրանց համար ցերեկային ժամի միացվել էին շատրվանները: