Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվում է ինկուբացիոն ծրագրերի լաբորատորիա

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով:

Այդ նախաձեռնությունը հաջողվել է իրականացնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և GALIQUE Art Space-ի գործակցության շնորհիվ:

Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստների և տեխնոլոգիաների փոխադարձ կապի եւ փոխգործակցության ուսումնասիրությունը, ինչպես նաև գործուն միջառարկայական համակարգերի ստեղծման առաքելությունը:

«Հասարակության ներդաշնակ զարգացման համար առանցքային է այդ ոլորտների միավորումը որոշակի ալգորիթմով: Եվ հենց Black Box լաբորատորիան է այդ ալգորիթմը»,- ասվում է ՁԻՀ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 15:00-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Միջոցառման շրջանակներում արվեստաբան Գոհար Սարգսյանը կներկայացնի Black Box ինկուբացիոն ծրագրի շրջանակներում ստեղծված «Մեդիտացիա 5 տարրով» հեղինակային նախագիծը:

ajax-loader