56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են

Ապրիլի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները գտնվել են Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, որտեղ նկատել են, որ մի քաղաքացի գողանում է նշված վայրում նվագելու միջոցով գումար վաստակող քաղաքացու դիմաց դրված մետաղադրամներով լցված արկղը և դիմում փախուստի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն անմիջապես հետապնդել են վերջինիս, ով իր մոտ եղած արկղը փախուստի ժամանակ նետել է: Ոստիկանները կարողացել են բռնել և կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ վերջինս Երևանի բնակիչ 56-ամյա Արսեն Հ․-ն է:

Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 54-ամյա Ռոբերտ Մ․-ն և հայտնել, որ Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, իրեն անհայտ անձը նվագելու ժամանակ իր դիմացից բացահայտ հափշտակել է մետաղադրամներով լցված արկղը:

«Կողոպուտ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ajax-loader