ՀՀ-ն և Իրանը քննարկել են համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը։

Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին կրճատվել է 2,5%- ով՝ կազմելով 692,5 մլն դոլար։ Մասնավորապես, արտահանումը նվազել է 14,3%- ով՝ մինչև 94,5 մլն դոլար՝ ներմուծման 0,3% անկման դեպքում ՝ մինչև 598 մլն դոլար։

ajax-loader