Հայաստանը Վրաստանից մեքենա արտահանող 4-րդ երկիրն է

Հայաստանը մտել է այն երկրների հնգյակի մեջ, որոնք ավտոտրանսպորտային միջոցներ են ձեռք բերել Վրաստանում 2023թ. առաջին կիսամյակում (հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30), նշվել է Ազգային բանկի կայքում հրապարակված նյութերում։

Վրաստանի իշխանությունները 2023թ. օգոստոսի 1-ից սահմանափակել են ԱՄՆ-ից բերված ավտոմեքենաների արտահանումը եւ վերարտահանումը Ռուսաստան եւ Բելառուս, իսկ սեպտեմբերի 26-ից սահմանափակում կմտցվի Եվրամիության երկրներից բերված մեքենաների Ռուսաստան եւ Բելառուս արտահանման համար։ Մեքենաներն այն ապրանքների եռյակում են, որոնք Վրաստանից արտահանվել են Ռուսաստան 2023թ. վեց ամսում, տեղեկացրել է «Sputnik-Грузия»-ն։

2023թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը Ռուսաստան արտահանվել է 3 786 ավտոմեքենա՝ 53 մլն դոլար արժողությամբ։

Առաջին տեղը Վրաստանից ավտոմեքենաներ ներմուծող երկրների շարքում զբաղեցնում է Ղրղզստանը, որտեղ արտահանվել է 5 480 մեքենա՝ 236 մլն դոլար արժողությամբ։

Երկրորդ տեղում Ղազախստանն է, որը 2023թ. վեց ամսում գնել է 13 916 մեքենա՝ 236 մլն դոլար արժողությամբ։

Երրորդ տեղը զբաղեցնում է Ադրբեջանը, ուր Վրաստանից արտահանվել է 14 206 մեքենա՝ 226 մլն դոլար արժողությամբ։

Չորրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանը, որտեղ վերարտահանվել է 10 235 ավտոմեքենա՝ 185 մլն դոլար արժողությամբ։

2023թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը Վրաստանը վերարտահանել է 48 603 ավտոմեքենա։ Ընդ որում՝ 2023թ. երկրորդ եռամսյակում ավտոմեքենաների վերարտահանումն առաջին եռամսյակի համեմատությամբ ավելացել է 23,1 տոկոսով եւ կազմել 27 384 մեքենա։

Ավտոմեքենաների վերարտահանման 98 տոկոսը թեթեւ մարդատար ավտոմեքենաներն են։ Կես տարում Վրաստանն արտասահման արտահանել է 47 732 թեթեւ մարդատար ավտոմեքենա։

ajax-loader