Գավառի պետթատրոնի դերասանուհին հաղթել է «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։  

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  «Թատրոնի միջազգային օրվա» առթիվ  «Հայաստանի թատերական գործիչների միությունը» Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին: Ի թիվս մի շարք անվանակարգերի՝ «Թատերական միության» կողմից «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանը։

Նա «Արտավազդ 2024» մրցանակաբաշխությանը մասնակցել է Ռեյ Բրեդբերի «Ֆարենհայթ 451» ներկայացմամբ՝ հանդես գալով Քլարիս Մըքլելնի դերում։

Անուշ Զանգիզորյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստ բաժնում, 4-րդ կուրսում։

Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում նա աշխատանքի է անցել 2022 թվականի դեկտեմբեր ամսից։ Խաղացել է Հովհաննես Օհանյանի «Կարմիր Գլխարկի արկածները», «Ամանորի կախարդանքը», Ռեյ Բրեդբերի «Ֆարենհայթ 451», Վ. Կրասնոգորովի «Հիշիր, բժիշկ, հիշիր», Ա. Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը», Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» ներկայացումներում։ 

ajax-loader