Երևանը` հայագիտական քննարկումների հարթակ. ԳԱԱ-ում մեկնարկեց միջազգային գիտաժողով

 «Գեղարդ» նորաստեղծ գիտավերլուծական հիմնադրամի, «Օրբելի» կենտրոնի ու ԵՊՀ-ի համատեղ ջանքերով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է երկօրյա գիտաժողովը, որ շարունակությունն է նախկինում ԳԱԱ-ում կազմակերպված հայագիտական ու միջազգային երկու համաժողովների։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ պատվիրակներ (փորձագետներ, պատմաբաններ, գիտնականներ) աշխարհի տարբեր երկրներից։

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց պատմության վերաբերյալ ստեղծվել է պատկառելի ժառանգություն, արձանագրված են ձեռքբերումներ, բավականին շատ է խոսվել ու գրվել և դեռ շարունակվելու է խոսվել ու գրվել Հայաստանի ու հայ ժողովրդի ունեցած ավանդի, համաշխարհային պատմության համատեքստում նրա ներդրումների ու դերակատարության մասին։

«Սակայն պետք է արձանագրել, որ բազմապատկված մարտահրավների պայմաններում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումները, որոնք նույնպես վտանգավոր են դարձել, ուստի այդ ամենին հակազդելու նպատակով գիտաժողովի ընթացքում բազմաթիվ նոր տեղեկություններ կբերվեն, վեր կհանվեն ու կբացվեն նոր շերտեր Հայաստանի ու հայ ժողովրդի հարևան պետությունների ու ժողովուրդների հետ առնչությունների վերաբերյալ, կկարևորվի Հայաստանի ունեցած դերը տարածաշրջանում, արժանագույնս կգնահատվի հայ ժողովրդի դերն ու ազդեցությունը կովկասյան երկրների պատմության, մշակույթի բնագավառներում»,-ասաց Սաղյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ գիտաժողովի մասնակիցների մասնագիտական բարձր հեղինակությունը, ինչպես նաև լայն աշխարհագրությունը ցույց են տալիս, որ Հայաստանի, որպես քաղաքակրթության կարևոր կենտրոններից մեկի, վերաբերյալ գիտական քննարկումները կարևոր ու արդիական են մեր օրերում և վկայությունն են տարբեր սերունդների հայագետների նվիրումի, ջանքերի, ինչը հնարավոր է դարձրել հայագիտության շարունակականությունը ոչ միայն ՀՀ-ում, այլև բազմաթիվ այլ երկրներում։

«Նման գիտաժողովի անցկացումը կարևոր է հատկապես մեր օրերում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ անվտանգային խնդիրների առջև, երբ Հայաստանի ընտրությունը շատերի կարծիքով քաղաքակրթական ընտրություն է, հայտարարություն այն մասին, որ ինչպես դարեր ու հազարամյակներ շարունակ, այսօր էլ հայերը քաղաքակիրթ աշխարհի մասն են կամենում լինել, այն աշխարհի, որի կայացմանն ու ձևավորմանը մեծ նպաստ են բերել, այն  աշխարհի, որի նվաճումների շարքը գրեթե բոլոր պատմական շրջափուլերում համալրել է հայ ժողովրդի տաղանդավոր ներկայացուցիչների միտքն ու ստեղծագործությունը։ Գիտաժողովի ծրագիրը ցույց է տալիս, թե որքան բազմազան ու ընդգրկուն են Հայաստանի և հայերի քաղաքակրթական ներկայությունն ու նվաճումների շերտերը։ Պատմություն, մշակույթ, հնագիտություն և ազգագրություն, ինքնություն ու տարածաշրջանային զարգացումներ, որոնք չեն դիտարկվում մեկուսի, այլ քննարկվում են քաղաքակրթական փոխառնչությունների, տարածաշրջանային գործընթացների շարժընթացի ու մարտահրավերների, կովկասյան ու մերձավորարևելյան տարածաշրջանի էթնիկ, կրոնական բազմազանության, հայկական մշակութային ժառանգության և բազմաթիվ այլ համատեքստերում»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա կարևորեց նաև այն պատասխանատվությունը, որով գիտաժողովի հարգարժան մասնակիցները մոտեցել են տարբեր հարցերի քննարկմանը և գիտաժողովում ներառված զեկույցները հենց այդ պատասխանատվության վկայությունն են և զգալիորեն հարստացնելու են հայագիտության ներկապնակը՝ սկիզբ տալով նոր գաղափարների ու հաստատելով կարևոր խնդիրների քննարկման նոր շրջանակ, իսկ արդյունքները նպաստելու են Հայաստանի առջև ծառացած տարբեր խնդիրների լուծմանն ու մարտահրավերների հաղթահարմանը։

Միջոցառմանը ներկա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ հազարամյակներ ի վեր հայ ժողովուրդն ապրելով և արարելով Հայկական լեռնաշխարհում՝ կերտել է իր վայրիվերումներով լեցուն պատմությունը, ստեղծել մի ուրույն և անկրկնելի մշակույթ, սակայն հայոց պատմությունն ու մշակույթը հանդես չեն գալիս որպես մեկուսի երևույթներ, այլ օրգանապես փոխկապակցված են պատմական ժամանակի տարածաշրջանային և համաշխարհային իրողությունների հետ։

ajax-loader