Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերապատրաստում է լեռնահանքային աշխատողներին

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերապատրաստման դասընթացներ է անցկացնում լեռնահանքային ուղղության աշխատողների համար, տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։

Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․

«Մասնագիտական հմտությունները, աշխատանքի անվտանգության ոլորտում իմացությունը բարելավելու, ոլորտի նորամուծություններին, կիրառվող նոր մեթոդներին և չափորոշիչներին ծանոթացնելու նպատակով Կապանի լեռնահարստացման կոմբինատում արդեն շուրջ երկու ամիս վերապատրաստման դասընթացներ են անցկացվում «Կապանի ԼՀԿ» ՓԲ և «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերությունների լեռնահանքային ուղղության աշխատողների համար։

Դասընթացներին ներկայացվող թեմաները մանրակրկիտ մշակվել են հասցեատեր խմբի առանձնահատկությունների հաշվառմամբ. դասընթացի տեսական և գործնական բաղադրիչները մատուցվում են այնպիսի համադրությամբ, որ աշխատողները նոր գիտելիքները կարողանան վստահորեն կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում՝ բարձրացնելով աշխատանքի արտադրողականությունն ու անվտանգությունը։

Դասընթացների ավարտից հետո գիտելիքների ստուգման նպատակով աշխատողները նաև հանձնելու են որակավորման քննություն։

Կարևորելով աշխատանքի արտադրողականության աճի և անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերը՝ «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության ղեկավարությունը անձնակազմի մասնագիտական որակների բարելավմանն ուղղված նմանատիպ միջոցառումները դարձնելու է առավել համակարգված և պարբերական՝ մոտակա հեռանկարում դրանցում ներգրավելով ընկերության ամբողջ անձնակազմը»։

ajax-loader