Հակամարտության կարգավորումը ներառում է նաև ԼՂ ժողովրդի անվտանգությունը․ Շոլցը՝ Ալիևին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, քննարկվել է նաև Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և դրա ազդեցությունը Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։

«Ես հստակ հայտնել եմ մեր դիրքորոշումը՝ ռուսական ագրեսիվ պատերազմը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»,- ասել է Շոլցը՝ հավելելով․- «Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը առանցքային նշանակություն ունեն, հատկապես Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ֆոնին»։

Կանցլեր Շոլցի խոսքով՝ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակով։

«Իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում անկայուն է և պարունակում է հետագա էսկալացիաների վտանգ։ Անցած մի քանի շաբաթների և ամիսների իրադարձությունները կրկին ու կրկին ցույց են տվել դա»,- ասել է նա՝ նշելով, որ հատկապես Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով ավելի ու ավելի է ճգնաժամային դառնում։

«Հետևաբար, մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այս հակամարտության արագ և կենսունակ լուծում գտնելը՝ ի շահ տեղի բնակչության», – ասել է Շոլցը: Կանցլերն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

«Այն ներառում է նաև Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարգումը։ Կարևոր է ապահովել, որ երկու պետությունների բոլոր բնակիչների մարդու և փոքրամասնությունների իրավունքները հարգվեն միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին համապատասխան»,-ասել է Գերմանիայի կանցլերը։

ajax-loader