Օրենքի նախագիծ, ըստ որի տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ձեր հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը։

Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ 

Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: 

Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ, հունվարին կամ փետրվարին և գուքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում  վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը»։

ajax-loader