Ուկրաինայում Պուգաչովի անվան փողոցը վերանվանվել է Փարաջանովի անունով

Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքում հանրահայտ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին փողոց ու նրբանցք է անվանվել: Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական Analitika պարբերականը, գրում է Արմենպրեսս գործակալությունը։

Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նստաշրջանի նիստում քվեարկել են Պուգաչովի փողոցն ու նրբանցքը Սերգեյ Փարաջանովի փողոց ու նրբանցք վերանվանելու օգտին:

Փողոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել է Կիրովոգրադի մարզում գործող Ուկրաինայի հայերի միությունը՝ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Կրոպիվնիցկիում հող է հատկացվել հայկական եկեղեցու կառուցման համար։

Analitika-ն հավելում է, որ Ուկրաինայի հայերի միությունը` Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրայնացման ուղղությամբ։

ajax-loader