Ընդունվել է տուգանքները զեղչելու նախագիծ

ԱԺ-ն ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենքում փփոփոխությունների նախագիծը, որով վարորդների տուգանքների համար զեղչեր են նախատեսվում։

Նախագծով առաջարկվում է, որ տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրավականացվող խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պայմաններում քաղաքացիները կարող են տուգանքը 20%–ով քիչ վճարելու հնարավորություն ունենալ։ Նաև եթե էլեկտրոնային ծանուցումից հետո 15 օրում վճարվի 70%–ը, մնացած մասը կհամարվի վճարված։

Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների դեպքում, եթե վարորդը մուծում է տուգանքի 50 տոկոսը ու եթե գործը նաև ԴԱՀԿ-ում է գտնվում, այսինքն` կատարողական ծախսը ներառյալ, ապա այս դեպքում վճարման պարտավորությունն ամբողջովին կհամարվի կատարված։

Բացի այդ, ըստ նախագծի, երթևեկելի երկրորդ գոտում կանգառի դեպքում 0.5 տուգանային միավորը կդառնա 0.25 տուգանային միավոր։ Սա, ըստ պատգամավորների, արվել է տաքսու վարորդների և առաքիչների համար, ովքեր հաճախ ստիպված են լինում կանգառել երթևեկելի երկրորդ գոտում և բախվում են վարորդական իրավունքից զրկվելու վտանգի առաջ։ Օրենքն ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից։ Տուգանքի զեղչերը կգործեն 3 ամիս։ Նախագիծը ստացավ 86 կողմ, 0 դեմ, 6 ձեռնպահ ձայներ։ Ձեռնպահ քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

ajax-loader