Կուտակել ենք մոտ 350 մլն դրամից ավելի պարտք, կունենանք 200 աշխատատեղի կորուստ․ Վարդան Մարգարյան

Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրի «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ իր ղեկավարած ընկերությունը դրամի արժևորման հետևանքով հայտնվել է փակման եզրին։ Որպես խնդրի լուծում, տնտեսվարողը կառավարությանը խնդրում է IT ոլորտի օրինակով սուբսիդավորել վնասով աշխատող ձեռնարկություններին կամ տրամադրել հարկային արձակուրդ։

Նա, մասնավորպես, գրել է․

«Ես բավականին հուսադրվել էի, որ կառավարությունը 10,0 մլրդ դրամ հատկացրեց Այ Թի ոլորտին՝ դրամի պարտադրված «արժևորման» հետևանքները վերացնելու նպատակով:

Իմ կարծիքով երկրորդ ոլորտը, որին խիստ անհրաժեշտ էր օգնել, դա՝ հանքարդյունաբերության ոլորտի փոքր ձեռնարկություններն էին, որոնք սկսեցին անմիջապես կորցնել իրենց իրացման գումարի 25%-ը և ինքնարժեքի թանկացում ունեցան մոտ 10%-ով:

Խնդրի մասին տարբեր հանդիպումներում բարձրաձայնել ենք, գրավոր դիմել ենք էկոնոմիկայի նախարարությանը ու կատարել տարբեր գրառումներ, սակայն այսօր արդեն կանգնել ենք սնանկացման առաջ:

Չնայած, որ 2021 թ․-ի նկատմամբ 2022 թ․-ին 14%-ից ավելի մետաղ ենք արդյունահանել, այնուամենայնիվ, այսօր արդեն դրամի «արժևորման» արդյունքում կուտակել ենք մոտ 350 մլն դրամից ավելի պարտքեր, չենք կարողանում կատարել մեր հարկային և այլ պարտավորությունները, մատակարարները հրաժարվում են ապրանքներ մատակարարելուց:

Այս ամենի արդյունքում արդեն կունենանք թանկարժեք ստորգետնյա փորվածքների փլուզումներ, մոտ 200 աշխատատեղի կորուստ ու այդքան ընտանիքների անհայտ ճակատագիր:

Խնդրի լուծման համար առաջարկել էինք կամ 2 տարով տրամադրել անտոկոս վարկ, կամ տրամադրել հարկային արձակուրդ, կամ ներկրողների (հատկապես նավթամթերքների, հացահատիկի, մետաղի, կենցաղային տեխնիկայի) գերշահույթներից սուբսիդավորել վնասով աշխատող ձեռնարկությունների՝ մինչև իրադրությունը կշտկվի և դուրս կգանք այս վիճակից:

Եթե կառավարությունը օգնության ձեռք չմեկնի՝ շատ տխուր իրավիճակի մեջ կհայտնվենք»:

ajax-loader