Կառավարությունը 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է կիրականացնի գյուղատնտեսության ոլորտում

Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։

«Այսինքն՝ եթե նայենք 2006-2010 թվականների ցուցանիշները, այնտեղ 4 տարվա մեջ 1 միլիարդ դրամ է եղել ընդհանուր գյուղատնտեսական աջակցությունը։ Հիմա մենք խոսում ենք ամեն տարի 30 միլիարդ դրամի մասին։ Ես կտրականապես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ գյուղացիները մենակ են մնացել։ Մեր ծրագրերից օգտվում են տասնյակ հազարավոր ֆերմերային տնտեսություններ։ Հայաստանի գյուղատնտեսությունը հիմա կառուցվածքային փոփոխության է ենթարկվում՝ ավանդական գյուղատնտեսությանը փոխարինման է գալիս բարձր արտադրողականության գյուղատնտեսությունը։

Այդ փոփոխությունների ազդեցությունը վիճակագրական թվերի վրա կերևա որոշ ժամանակ անց»,- ասաց Քերոբյանը։

ajax-loader