Մախաչկալայի ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի

Մախաչկալայում ավտոլցակայանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել են բժշկական ծառայություններում։

«Ճշգրտված տվյալների համաձայն՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 35 մարդ», – ասել է գործակալության զրուցակիցը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այս տեղեկությունը հաստատել են ТАСС-ին՝ հստակեցնելով, որ փլվածքների մաքրման ժամանակ հայտնաբերվել է 5 մարդու դի։

Ավելի վաղ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունից հայտնել էին 33 զոհի մասին, որոնց թվում կա 3 երեխա, ինչպես նաև 80 տուժածի մասին։

Ինչպես ճշգրտել են առողջապահության նախարարությունում, տուժած 63 քաղաքացիները ստացիոնար բուժում են անցնում։

«Ներկայում ստացիոնար բուժման մեջ է 63 մարդ, այդ թվում՝ 16 երեխա: 11 տուժածի, այդ թվում՝ 2 երեխայի վիճակը գնահատվում է ծանր, ևս 17 մարդ ստացել է ամբուլատոր բուժօգնություն», – ասվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հանձնարարությամբ օգնություն ցուցաբերելու համար Դաղստան են ժամանել Ռուսաստանի առողջապահության նախարարության աղետների բժշկության դաշնային կենտրոնի և Մոսկվայի բժշկական կազմակերպությունների մասնագետները։

ajax-loader