Երկրաբանի մասնագիտությունը՝ Ժամանակակից աշխարհում․ Հայկ Ալոյանը ԵՊՀ-ում ներկայացրել է ոլորտի զարգացումները

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հյուրընկալվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանն ու ընկերության ներկայացուցիչները, գրում է ysu.am-ը։

Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման շրջանակում Հայկ Ալոյանը ««Երկրաբանություն» մասնագիտության զարգացման միտումները և արդի հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն կարդաց:

Նա հանգամանորեն անդրադարձավ ժամանակակից աշխարհում երկրաբանի մասնագիտության առանձնահատկություններին և զարգացման միտումներին, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում առկա հնարավորություններին, ներկայացրեց Հայաստանում երկրաբանության զարգացման խոչընդոտները և դրանց լուծման ուղիները։

Բանախոսն անդրադարձավ նաև Ամուլսարում ներդրված երկրաբանական նորամուծություններին և կատարված երկրաբանական աշխատանքներին, ինչպես նաև ֆակուլտետի հետ համագործակցության շրջանակում իրականացվելիք առաջիկա ծրագրերին։

Դասախոսության ավարտին Հայկ Ալոյանը պատասխանեց դասախոսներին և գիտաշխատողներին հետաքրքրող հարցերին:

Ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, կարևորելով այսօրինակ հանդիպումները, շնորհակալություն հայտնեց Հայկ Ալոյանին և «Լիդիան Արմենիա» ընկերության թիմի ներկայացուցիչներին  արդյունավետ համագործակցության համար։

Նշենք, որ տարեսկզբին ԵՊՀ-ի և «Լիդիան Արմենիայի» միջև կնքված մտադրությունների հուշագրի շրջանակում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն ընկերության հետ համատեղ արդեն իսկ սկսել է մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն խթանելու «Երկրաբանություն» մասնագիտության զարգացումը։

ajax-loader