Ընդերքօգտագործողները ՌԴ-ում չեն վճարում թափոնների համար, եթե դրանք գործածում են արդյունաբերությունում

Ռուսաստանում հանքարդյունաբերող ընկերությունները կարող են չվճարել ընդերքօգտագործման թափոնների համար, եթե գործածեն դրանց օգտակար հանածոները։

Ռուսաստանյան ընկերությունները զրոյական գործակից են ստանում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության համար վճարները (NEI) հաշվարկելիս, եթե ընդերքի թափոններից օգտակար հանածոները գործածում են արդյունաբերության մեջ։ Այդ մասին տեղակացնում է rg.ru-ն։

ՌԴ-ում ուժի մեջ են մտել երեք դաշնային օրենքներ, որոնք ուղղված են թափոնների օգտակար բաղադրիչները տնտեսական շրջանառության մեջ ներգրավելուն։

Նախ՝ դա ընդերքի թափոնների օգտագործման մասին երկար սպասված օրենքն է, որի դրույթների մեծ մասը սկսել է գործել 2023-ի սեպտեմբերից, «Ռոսիյսկայա գազետա»-ին հայտնել  է «Պեպելյաև Գրուփ» բնապահպանական պրակտիկայի ղեկավար Նատալյա Ստենինան։

«Ընդերքի թափոնների օգտագործման մասին օրենքն, անշուշտ, կարելի է անվանել ամենասպասվածներից մեկը: Այժմ լեռնային ապարները, տիղմը, պոչամբարները կարող են տարբեր ձևերով օրինական հիմքերով օգտագործվել օգտակար  հանածոների վերամշակման արտադրության գործընթացում: Ընդերքօգտագործողն իրավունք ունի գործածելու ընդերքի թափոններ (վտանգավորության բոլոր դասերի) օգտակար հանածոների հետագա արդյունահանման համար: V դասի վտանգի ընդերքօգտագործման թափոնները կարող են օգտագործվել սեփական արտադրության և տեխնոլոգիական կարիքների, հանքերի շահագործման լուծարման և հողերի վերականգնման համար»,- ասել է Ստենինան:

Փորձագետը նշել է, որ նման ապարներն այլևս չեն համարվում արտադրության և սպառման թափոններ՝ անկախ թափոնների Դաշնային դասակարգման կատալոգում ներառված լինելու հանգամանքից։ Դրանք կարող են գործածվել հանքարդյունաբերության համար կամ փոխանցվել ընդերքի այլ օգտագործողի (իրենց տեխնոլոգիական կարիքների համար, հանքի շահագործման լուծարում և այլն)։

Ստենինան ասել է, որ այս օրենքը կոչված է խթանելու ընդերքի թափոնների արդյունաբերական օգտագործումը, քանի որ այսօր երկրում կուտակվել է նման թափոնների զգալի քանակություն, և տարեցտարի դրանց քանակն ավելանում է։

Ըստ նրա՝ քանի որ նոր կանոնները բիզնեսի համար ընդերքի թափոններ օգտագործելու մեծ հնարավորություններ են բացում, շատերն արդեն սկսել են մշակել տեխնիկական նախագծեր և այլ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս օգտագործել համապատասխան թափոնները իրենց տեխնոլոգիական գործընթացում։

ajax-loader