Երկիր բերված լուսնային փոշին Լուսնի մասին նոր վարկածներ է պատմում

Լուսինն իր բնորոշ տեսքը ձեռք է բերել տիեզերական օբյեկտների հետ բախումների հետևանքով, որոնք նրա մակերեսին հարվածային խառնարաններ են առաջացրել։ Հետազոտողները պարզել են, որ նման գործընթացների հետևանքով առաջացած ինտենսիվ ճնշումն ու ջերմությունը փոխում են նաև Լուսնի մակերևույթի հանքային բաղադրությունը և կառուցվածքը։ Այդ փոփոխությունների վերլուծությունը օգնում է շատ բան իմանալ Երկրի արբանյակի անցյալի մասին:

Վերջերս Լուսնից Երկիր է բերվել 1,73 կիլոգրամ ռեգոլիտ՝ լուսնային փոշի, որը հավաքվել էր չինական Chang’e-5 առաքելության ժամանակ։ Տարածքը, որտեղից վերցվել են նմուշները, կոչվում է Oceanus Procellarum։ Նմուշներից մեկը պարունակում է նոր հանքանյութ Changesite-(Y), ինչպես նաև սիլիցիումի միներալների հետաքրքիր համադրություն (SiO2, սիլիցիում – սիլիցիումի օքսիդ (IV)):

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները «Նյութերը և ճառագայթումը ծայրահեղ պայմաններում» վերնագրով հոդվածում համեմատել են նմուշի կազմը լուսնային և մարսյան ռեգոլիտի այլ նմուշների հետ:

moon.jpg (494 KB)

Բարձր արագությամբ աստերոիդների և գիսաստղերի հետ բախումները Լուսնի մակերեսին  ազդեցիկ մետամորֆիզմ են առաջացնում: Ջերմաստիճանի և ճնշման փոփոխությունը տեղի է ունենում շատ արագ և դա ունի իր առանձնահատկությունները, ներառյալ սիլիցիումի պոլիմորֆ ձևերի ձևավորումը, ինչպիսիք են ստիշովիտը և սեյֆերտիտը: Դրանք քիմիապես նույնական են քվարցին, բայց ունեն տարբեր բյուրեղային կառուցվածք։

Գիտնականներից մեկը՝ Վեյ Դուն, նշել է, որ թեև Լուսնի մակերեսը պատված է բազմաթիվ հարվածային խառնարաններով, սակայն նմուշներում հազվադեպ են հայտնաբերվում բարձր ճնշման հանքանյութեր։ Նա պարզաբանել է, որ դա կարող է պայմանավորված լինել բարձր ջերմաստիճաններում նման հանքանյութերի անկայունությամբ։ Հետևաբար, նրանք, որոնք ձևավորվել են բախումների ժամանակ, կարող են ենթարկվել հակառակ ձևափոխման:

Այդուամենայնիվ, նմուշի սիլիցիումի բեկորը պարունակում է և՛ ստիշովիտ, և՛ սեյֆերտիտ, որոնք տեսականորեն կարող են գոյություն ունենալ միայն շատ ավելի բարձր ճնշումների դեպքում, քան այն ճնշումը, որին ենթարկվել է նմուշը: Հետազոտողները կարծում են, որ սեյֆերտիտը սեղմման գործընթացում առաջացել է α-կրիստոբալիտից, այնուհետև ջերմաստիճանի բարձրացման արդյունքում նմուշի մի մասը վերածվել է ստիշովիտի։

Բացի այդ, Chang’e-5 առաքելության նմուշում գիտնականները հայտնաբերել են Changesite-(Y) հանքանյութը, որը ֆոսֆատ է և ունի անգույն թափանցիկ բյուրեղներ: Հետազոտողները գնահատել են ազդեցության պարամետրերը, որոնք հանգեցրել են նմուշի ձևավորմանը՝ առավելագույն ճնշումը տատանվում է 11-ից 40 ԳՊա, իսկ ազդեցության տևողությունը՝ 0,1-ից 1,0 վայրկյան: Հետազոտողները կարողացել են նաև գնահատել առաջացած խառնարանի չափերը՝ օգտագործելով հարվածային ալիքների մոդելները, որոնք մոտ 3-ից 32 կիլոմետր լայնություն ունեին՝ կախված հարվածի անկյունից:

Գիտնականները նշել են, որ նմուշի հետ կապված ռեգոլիտի արտանետումները հիմնականում ծագում են չորս հարվածային խառնարաններից, որոնցից ամենաերիտասարդը Արիստարքոսն է (Aristarchus): Նմուշների ուսումնասիրությունը հանգեցրել է եզրակացության, որ սիլիցիումի բեկորը, որը պարունակում է սեյֆերտիտ և ստիշովիտ, կարող էր գոյանալ Արիստարխուս խառնարանի առաջացմանը հանգեցրած բախման արդյունքում։

Հետազոտության արդյունքները կօգնեն հասկանալ, թե ինչպես է ձևավորվում Լուսնի մակերեսը և ինչպես են այդ բախումներն ազդում նրա հանքային կազմի վրա:

ajax-loader