Շահումով խաղերի ոլորտը պետք է լինի գերթափանցիկ. ԱԺ է ներկայացվել նոր նախագիծ

Հայաստանում շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպիչների համար կգործի աուդիտի պահանջ:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

«Շահումով խաղերի ոլորտը պետք է լինի գերթափանցիկ, և գնալով պետք է իր բիզնես բարեվարքության կանոնները բարելավվեն: Սրանով մենք փաստացի սահմանում ենք աուդիտի պահանջ, որը համապատասխան է մեր բանկերին ներկայացված աուդիտի պահանջին: Սրանով մենք կարող ենք ավելի վստահ լինել, որ այն ֆինանսական հաշվետվությունները, որ ներկայացվում են հանրությանը, վստահելի են»,-ասաց փոխնախարարը:

Նախագծով սահմանվում է, որ շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները պետք է ենթարկվեն աուդիտի:

Նախագծով առաջարկվող մյուս կարգավորումը վերաբերում է միջազգային մրցունակությանը: «Սահմանվում է, որ, եթե խաղացողը ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, եթե գրանցման պահին ՀՀ-ն չի նշել որպես բնակության վայր, եթե խաղալու պահին  IP-ով ՀՀ-ում չի գտնվում և փոխանցումը չի անում ՀՀ բանկից, ապա կարող է խաղադրույքը կատարել դոլարով: Կարգավորումը սահմանում է, որ ինչ արտարժույթով խաղադրույքը կատարվել է, այն արտարժույթով էլ պետք է շահումը լինի»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ սրանով վստահ են լինում, որ իրականում ծառայությունը մատուցվում է ՀՀ-ում չգործող, ՀՀ-ում տնտեսական շահ չունեցող սուբյեկտներին:

ajax-loader