Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունենք. ԱԺ նախագահ

Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունի։ Այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Հստակության ակնկալիքներ ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու ինչպես արդեն իսկ հայտարարվել է՝ մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում ՀՀ-Ադրբեջան սահմանը և ցույց տալ ոչ թե երևակայական քարտեզներով, այլ՝ իրենց տակ հիմք ունեցող քարտեզներով։ Եվ մենք լիահույս ենք, որ կհաջողվի այսօր և հետագայում առաջ գնալ այդ հանձնաժողովի գործունեության մեջ»,-ասաց Սիմոնյանը։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին հունվարի 31-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպումը:

ajax-loader