Միրզոյան-Լավրով՝ Փաշինյան-Շոլց հանդիպումից հետո, խորհրդանշական վայրում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնել է Հնդկաստան, որտեղ նա կմասնակցի եւ ելույթ կունենա Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»: Հայաստանի արտգործնախարարը Հնդկաստան այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Լավրովին, որը գործնականում հնարավոր է դիտարկել փակ հանդիպում, քանի որ արարողակարգային մասը եղել է շատ փոքր: Սա թերեւս վկայում է հանդիպման գործնականության մասին: Լավրովը Հնդկաստանում էր Մեծ Քսանի արտգործնախարարների հավաքին մասնակցելու նպատակով, իսկ դրանից առաջ, ինչպես հայտնի է, նա այցելել էր Բաքու:

Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարների քննարկման հնարավոր օրակարգը անշուշտ կարող է լինել շատ լայն, իսկ, թե ինչի վրա կկենտրոնանա այն, թերեւս հնարավոր է միայն ենթադրել: Միրզոյան-Լավրով հանդիպմանը նախորդել էր Գերմանիայում Փաշինյան-Շոլց հանդիպումը, որից հետո Գերմանիայի կանցլերը հայտարարել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ասելով, որ այն դիտարկում են տարածքային ամբողջության սկզբունքին հավասարազոր: Թեեւ Ռուսաստանը, եւ մասնավորապես Լավրովի գերատեսչությունն ու Լավրովն ինքը բավականին խանդով են վերաբերում Եվրոպայի աշխուժությանը Կովկասում, բայց Գերմանիայի կանցլերի հայտարարությունը թերեւս կարող է լինել նաեւ Մոսկվայի «սրտով», ելնելով այն իրողությունից, որ Արցախի կարգավիճակի հարցն ու ինքնորոշման իրավունքի բաց պահելը բխում է Ռուսաստանի հետաքրքրությունից էլ, քանի որ այն ռուսական խաղաղապահ մանդատի «հիմքն» է:

Ի վերջո, հենց այդ նկատառումով է, որ Մոսկվան իր խաղաղության պլանում առաջարկել է արձանագրել, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային: Այդ հարցում, ինքնորոշման հարցում Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ ավելի բաց խոսել, հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերության կարեւորությունը՝ հասկանալի հանգամանքների բերումով, սակայն դեմ չի լինի, եթե օրինակ այդ մասին բաց խոսեն այլ դերակատարներ, հատկապես Արեւմուտքից, քանի որ դա կարող է Ռուսաստանին տալ Ադրբեջանի հետ ավելի համարձակ խոսելու հնարավորություն: Ընդ որում, այստեղ  իհարկե Փաշինյան-Շոլց հանդիպմանը Դելիում հաջորդող Միրզոյան-Լավրով հանդիպումը ուշադրության է արժանի բավականին խորհրդանշական մի դրվագի իմաաստով: 2022 թվականի հունվարին, այսինքն մոտ մեկ տարի առաջ, դեռեւս ուկրաինական պատերազմը չսկսված, Հնդկաստանում տեղի էր ունեցել Գեևրմանիայի եւ Հնդկաստանի բարձրաստիճան զինվորականների փակ քննարկում, որի ընթացքում Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շենբախը խոսել էր Գերմանիա-Ռուսաստան-Հնդկաստան տնտեսա-ռազմա-քաղաքական ձեւաչափի մասին: Այդ հայտարարությունն իհարկե Շենբախին արժեցավ պաշտոն, այն բանից հետո, երբ փակ քննարկումից արտահոսքը բերեց Գերմանիայի հանդեպ ուժեղ տեղեկատվա-քարոզչական ճնշման այսպես ասած հավաքական արեւմտյան այն տրամաբանության շրջանակում, որ արդեն իսկ ձեւավորում էին Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան ուկրաինական մոտեցող պատերազմի համատեքստում: Հայաստանի համար անշուշտ առանցքայինը բոլորովին ներարեւմտյան կամ ներեվրաատլանտյան հարաբերությունների ինտրիգային հանգույցները չեն: Հայաստանի համար առանցքայինը սեփական անվտանգության, տարածքային ամբողջության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության ապահովման կենսական խնդիրներն են եւ դրանց լուծման կամ արդյունավետ, կայուն սպասարկման համար օգտակար որեւէ հանգույց կամ շղթա առավելագույն էֆեկտիվ օգտագործելը:

Նյութի աղբյուր՝  1in.am

ajax-loader