«Վայլդբերիզն» ընդունել է թերհայտարարագրման փաստը և 3,6 մլրդ դրամ վճարել ՀՀ բյուջե

ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

«Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի  կողմից  անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, և շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների և բացատրական աշխատանքների արդյունքում, ընկերությունն ընդունել է թերհայտարարագրման փաստը:  Հաշվի առնելով մեծածավալ տվյալների մշակման և դրանց մասով հայտարարագրերի ներկայացման աշխատատար գործընթացը, վարչությունը գործընկերային հարաբերություններից ելնելով, ընկերությանը ցուցաբերել է տեղեկատվության տրամադրում և այլ ընթացիկ հարցերում օժանդակություն` ռիսկերը չեզոքացնելու համար, որից հետո ներկայացվել են ճշտումներ:

Կատարված համատեղ աշխատանքների արդյունքում ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ` հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով  հայտարարագրել և պետական բյուջե է վճարել  լրացուցիչ 3594,2 մլն դրամ հարկային պարտավորություն, որից 175,0 մլն դրամ` տույժեր և տուգանքներ»,- ասվում է հաղորդագրությունում:

ajax-loader