Երևանում կանցկացվի Զատկի 3-րդ փառատոնը

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը մարտի  31-ին ժամը 14։00-ից 17:00-ը Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կիրականացնի 3-րդ «Զատկական փառատոն»-ը։

 Փառատոնի շրջանակում երեխաները և պատանիները կցուցադրեն իրենց ձեռքի աշխատանքները և հանդես կգան երաժշտական կատարումներով։

Ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ։ Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որևէ դետալ:

«Զատկական փառատոն»-ը ներառական միջոցառում է, որի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և ինտեգրման համար:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրում է անվճար գեղարվեստական կրթություն:

Զատկական փառատոնը կարևոր մշակութային  իրադարձություն է, որը հնարավորություն է տալիս երեխաներին բացահայտելու իրենց կարողությունները, գտնել նոր ընկերներ և նպաստել ազգային, համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու ձևավորմանը:

ajax-loader