3 500 572 դրամ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»-ին

 «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոսին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին է նվիրաբերվել 3 50 ․572 դրամ։

Սեպտեմբերի ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը կուղղվի «Հայքն աշխարհին» կրթական ծրագրին, որի նպատակն է Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն նախ ստանալ համապատասխան կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։ 

«Արցախի շրջափակման պայմաններում նման ծրագրերի իրականացումը խիստ կարևոր է։ Մենք փորձում ենք ոչ միայն ապահովել երեխաների և պատանիների զբաղվածությունը կրթական որակյալ ծրագրերի միջոցով, այլ նաև կտրել նրանց իրականությունից և զարգացման հեռանկար ապահովել։ Այսօր հնարավոր է, գոնե շարունակել առցանց կրթությունը և երիտասարդների զորեղացումը, ինչն էլ անում ենք շնորհիվ նաև աջակից կառույցների և կազմակերպությունների։ Այս տեսանկյունից անչափ կարևորում ենք հատկապես «Մի դրամի ուժը» նախաձեռնության մեզ միանալը, քանի որ այսպիսով Իդրամից օգտվող մեր հայրենակիցները նույնպես իրենց ներդրումն են ունենում այս կարևոր առաքելությանը՝ ընդամենը վճարումները Իդրամով կատարելով։ Ձեր կողմից կատարված ամեն վճարում ևս մեկ դրամ է ավելացնելու Արցախում շարունակական կրթությանը և զորեղացմանը։ Անչափ շնորհակալ ենք Իդրամին և ԱյԴի Բանկին «Հայքն աշխարհին» ծրագիրը կարևորելու համար»,- ասում է ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանը։ 

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ծրագրին միանալը պատահական չէ․ «Կրթական նոր տարին մեկնարկել է, և, ցավոք, արցախցի մեր հայրենակիցները ոչ միայն սննդի, օրվա հացի խնդիր ունեն, այլ նաև՝ կրթության։ Բարեգործության միջազգային օրը ուրախ ենք հայտարարել, որ սեպտեմբեր ամսվա մի դրամներն ուղղվելու են  «Հայքն աշխարհին» ծրագրին, որը, չնայած դժվարություններին, արցախցի պատանիների համար նոր հորիզոններ կբացի։  Իսկ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն աջակցել է 25-ից ավելի հիմնադրամների ու ծրագրերի՝ հատկացնելով ավելի քան 138 մլն դրամ»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։  

ajax-loader