ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը 3 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ Երևանում կազմակերպված հայ-էմիրաթական գործարար համաժողովն իր մասշտաբով չափազանց մեծ միջոցառում է, քանի որ գերազանցել է նախորդ 25 տարիներին կազմակերպված միջոցառումները, ինչն, ըստ էության, արձագանքն է երկկողմ դինամիկ զարգացող տնտեսական հարաբերությունների։

Համաժողովին մասնակցում էին ավելի քան 100 ընկերություն ԱՄԷ-ից և 200-ից ավելի կազմակերպություն Հայաստանից։ Միջոցառման կազմակերպիչներն էին «Էնթրփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը, ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունն ու ԱՄԷ-ի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիան։

«Անցյալ տարի Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարի սահմանը, ինչի արդյունքում ԱՄԷ-ն դարձավ Հայաստանի երեք խոշորագույն գործընկերներից մեկը՝ Ռուսաստանից ու Չինաստանից հետո։ Ընթացիկ տարվա յոթ ամիսների տվյալներով՝ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 870 միլիոն դոլար, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ներդրումների ծավալը կտրուկ աճել է, և ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ այն աճել է 20 տոկոսով, իսկ տարեվերջում կգերազանցվի ներդրումների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը, որը եղել է 2021 և 2022 թվականներին։ Այսօր ԱՄԷ-ի հետ մեր տնտեսական հարաբերությունները բազմաշերտ են՝ ֆինանսական, առևտրային, ներդրումային, անշարժ գույքի, առողջապահության, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Քերոբյանը հիշեցրեց, որ անցյալ շաբաթ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցի ընթացում ԱՄԷ-ի հետ ստորագրվեց համաձայնագիր, որը չեղարկում է վիզաների պահանջը երկու երկրների միջև, ինչը շատ կարևոր է այն առումով, որ արաբական տվյալ երկիրը հայ զբոսաշրջիկների համար գնալով դառնում է ավելի գրավիչ, իսկ տվյալ համաձայնագրի շնորհիվ ԱՄԷ-ն դառնում է ավելի հասանելի ու մատչելի։

Փոխադարձ հարաբերություններում, ըստ նախարարի, դեռ կա չիրացված մեծ ներուժ, ուստի այսօրվա գործարար համաժողովը շատ կարոր նշանակություն ունի, առավել ևս, որ արաբական կողմի հետ կան խոշոր ներդրումային ծրագրեր և հետաքրքիր նախագծեր, որոնց շնորհիվ գործարար շրջանակներն ավելի կընդլայնվեն։

«Երբ մենք խոսում ենք, որ Հայաստանը դարպաս է ԵԱՏՄ-ի համար և այդ առումով կարող է արաբ գործընկերների համար լինել գլոբալ առևտրային հաբ, ուստի ենթադրվում է, որ մեր երկու երկրները պետք է նաև վերարտահանման, զուտ միջնորդական գործունեություն ծավալեն։ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր ընկերությունները չընկնեն երկրորդային պատժամիջոցների տակ, ուստի իր գործիքակազմով փորձում է բացառել սանկցիոն ապրանքների առևտուրը, ինչը կարող է հարված հասցնել թե՛ ընկերություններին, թե՛ ընդհանուր տնտեսությանը։ Երկու երկրները շահագրգռված են առավելագույնի հասցնել տնտեսական հնարավորությունները»,- ասաց Քերոբյանը։

Նա տեղեկացրեց, որ մոտ ապագայում ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կկնքվի սննդի անվտանգության վերաբերյալ շատ կարևոր համաձայնագիր, ինչը թույլ կտա, որպեսզի մեր ապրանքներն ավելի լավ հասանելիություն ունենան արաբական շուկայում՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը։ Մեր նպատակն է լոգիստիկ կապերի հեշտացման միջոցով առևտուրը դարձնել ավելի անկաշկանդ ու ծաղկող։ Շուտով ԱՄԷ-ի հետ կկնքվի նաև ծառայությունների և ներդրումների ազատ առևտրի համաձայնագիրը ու թեև ԵԱՏՄ-ի անունից գլխավոր բանակցողը Ռուսաստանն է, սակայն հայկական կողմն ուշի-ուշով հետևում է, որպեսզի իր շահերը պատշաճ կերպով պաշտպանվեն։    

Հայաստանում ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլան համաժողովի բացման խոսքում նշեց, որ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ստեղծվել են նախադրյալներ՝ ամուր կապեր ստեղծելու և փոխշահավետ համագործակցությունը խթանելու համար։ Միացյալ Էմիրություններն առաջընթաց է գրանցել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում և այսօր գոլաբալ առևտրի մատչելի միջավայր է տրամադրում ամբողջ աշխարհից ներդրումներ կատարող գործընկերներին։

«Հայաստանն ունի իր առանձնահատուկ կողմերը, այստեղ կա հմուտ աշխատուժ, գործում են զարգացած տեխնոլոգիաներ՝ ապահովելով կիբերանվտանգությունն ու խթանելով արհեսատական բանականությունը։ Ձեր երկիրն ունի հարուստ մշակութային ժառանգություն։ ԱՄԷ-ի կառավարությունը նախադրյալներ է ստեղծել Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության համար, քանի որ այն մեզ համար գրավիչ գործընկեր է։

Չափազանցություն չի լինի ասել, որ երկկողմ հարաբերությունները կարող են հասնել զարգացման առավելագույն աստիճանին, ուստի այդ առումով 2023 թվականը շատ կարևոր է մեզ համար։ Հունիսի 25-ին նշվեց մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը թույլ է տվել այս տարիներին ուժեղացնել նաև տնտեսական կապերը։ Սկզբնական շփումները ժամանակի հետ վերածվել են ամուր գործընկերության»,- ասաց դեսպան Ալ-Մուլլան։

Համաժողովին ներկա ԱՄԷ-ի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ, ԱՄԷ-ի պատվիրակության ղեկավար Աբդուլլահ Ալ-Մազրուին իր հերթին նշեց, որ համաժողովի հիմնական նպատակը երկու երկրների բարեկամական կապերի կոնսոլիդացումն է։ Երկու երկրներն էլ հանձնառու են աջակցել մասնավոր հատվածին, գործարարներին՝ նրանց համար ստեղծելով մատչելի միջավայր հետագա սերտ գործունեության համար։   

«Մեր կազմակերպությունը ձգտում է փոխշահավետ համաձայնագրերի կնքման միջոցով ամուր կապեր հաստատել աշխարհի բազմաթիվ երկրների գործարար շրջանակների հետ։ Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ։ Մասնավոր բիզնեսն ամենազարգացածն է մեր տարածաշրջանում, և այդ տեսանկյունից մեզ համար շատ կարևոր են տնտեսական հարաբերությունները։ Մեր պալատն այժմ ունի հարյուր հազարավոր անդամներ, որոնց միավորում է համագործակցության գաղափարը։ Այս պահին մեր մասնավոր սեկտորում աշխատում է ավելի քան հինգ միլիոն օտարերկրացի։ Տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումները շատ կարևոր են հետագա գործունեության համար։ Դրանք անշուշտ կամրապնդեն մեր երկու երկրների միջև գործընկերությունը, որը բխում է Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների շահերից»,- ասաց Ալ-Մազրուին։

Նշենք, որ համաժողովի շրջանակում կնքվեցին փոխըմբռնման երեք հուշագրեր։ Առաջինը՝ «Էնթրփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ-ի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, երկրորդը՝ ՀՀ արդյունաբերական պալատի և ԱՄԷ-ի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև՝ համատեղ գործարար խորհուրդ հիմնելու, ինչպես նաև երկու երկրների միջև ներդրումային և բիզնես հնարավորությունները խթանելու վերաբերյալ, իսկ երրորդ հուշագիրը ստորագրվեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ-ի գործարար կանանց խորհրդի միջև։  

ajax-loader