3-րդ խմբի հաշմանդամները դեղերը կստանան անվճար․ օրինագիծ

Գործող օրենքով առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են դեղերի 100 տոկոս փոխհատուցում, այսինքն դեղերն ստանում են պետության կողմից, իսկ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցեղ անձինք՝ 50 տոկոս փոխհատուցմամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Այսինքն 50 տոկոսը վճարում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը։ Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգին ամբողջությամբ անցնելու պարագայում՝ թեթեւ ֆունկցիանոլ խանգարում ունեցող անձինք 50 տոկոս պետք է վճարեին իրենց դեղերի համար: Իսկ օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ անձի ֆունկցիոնալության թեթեւ խանգարում ունեցող անձինք եւս 100 տոկոս կստանան դեղերի փոխհատուցում»,- ասաց նա:

Զեյնալյանը տեղեկացրեց, որ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը ընդհանուր հաշմանդամություն ունեցող աննձաց թվի մեջ մոտավորապես կազմում է 60 տոկոս. «Սա բավականին մեծ թիվ է եւ դեղապահովման ոլորտում եւ ընդհանրապես առողջապահական համակարգի համար սա չափազանց կարեւոր փոփոխություն է»,- ընդգծեց Զեյնալյանը:

ajax-loader