Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը հուլիսի 3-ից մինչև 5-ն ընկած ժամանակահատվածում հասել է ռեկորդային մակարդակի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից, մասնագետները նման եզրահանգում են արել Climate Reanalyzer-ի տվյալների վերլուծությունից հետո։
Երկրագնդի միջին ջերմաստիճանը չափելու համար նշված հարթակն օգտագործում է արբանյակային տվյալները և համակարգչային գործիքներ։ Հուլիսի 5-ին երկրագնդի միջին ջերմաստիճանը եղել է Ցելսիուսի սանդղակով 17,18 աստիճան, դրա նախորդ օրը՝ նույնպես։ Իսկ հուլիսի 3-ին գրանցվել էր նախորդ ռեկորդը՝ Ցելսիուսի սանդղակով 17,01 աստիճան։
Այս տվյալները պաշտոնական չեն, և գիտնականները սովորաբար ավելի երկար ժամանակահատվածի՝ ամիսների, տարիների և տասնամյակների չափումներ են իրականացնում Երկրի տաքացմանը հետևելու համար։ Այդուհանդերձ, ըստ մասնագետների՝ օրական արձանագրված բարձր ջերմաստիճանը վկայում է կլիմայի փոփոխության ազդեցության մասին։
Գիտնականները ամիսներ շարունակ զգուշացրել են, որ 2023 թ․-ին կարող է ռեկորդային շոգ եղանակ դիտվել, քանի որ մարդու կողմից առաջացած կլիմայի փոփոխությունը, որը հիմնականում պայմանավորված է հանածո վառելիքի, օրինակ՝ ածուխի, բնական գազի և նավթի այրմամբ, տաքացրել են մթնոլորտը:
Հուլիսի 4-ին արձանագրված 17,18 միջին ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով 1 աստիճանով բարձր է եղել 1979-2000 թ․-ի միջին ջերմաստիճանից։
Այս շաբաթ ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել Քվեբեկում և Պերուում։ Պեկինում ևս անցյալ շաբաթ ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել։ Իսկ 38 միլիոն ամերիկացիներ հուլիսի 5-ին տաք եղանակի հետ կապված տարբեր նախազգուշական հաղորդագրություններ են ստացել։