Արգելանք է դրվել բնապահպանության նախկին նախարարի և մյուս մեղադրյալների՝ 3 տասնյակից ավելի գույքերի վրա

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ղեկավար աշխատողի՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Այս մասին տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հեռակա վարույթը հնարավորություն կընձեռի լիարժեք դատաքննություն իրականացնել առանց ամբաստանյալների ներկայության:

Մասնավորապես՝ քրեական վարույթով մեղադրյալներ Արամ Հարությունյանը, վերջինիս մտերիմ Գագիկ Կարապետյանը և Սուրեն Ավագյանը խուսափել են քննությունից, և առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածով սահմանված՝ մեղադրյալների բացակայությամբ վարույթն (հեռակա վարույթ) իրականացնելու հիմքն ու պայմանները, ուստի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

Հեռակա վարույթի շրջանակներում Արամ Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցանքների կատարման համար, որ նա մտերիմ անձանց օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն ԱՄՆ դոլարը, ինչպես նաև չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Արամ Հարությունյանի և նրան օժանդակած մյուս երկու մեղադրյալների՝ Սուրեն Ավագյանի ու Գագիկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նրանց պատկանող 3 տասնյակից ավելի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել: Մասնավորապես՝ արգելադրվել են Ա. Հարությունյանին փաստացի պատկանող, Երևանում գտնվող՝

Տիգրան Մեծի 4 հասցեի շենքը,

Կ.Ուլնեցու 50/1 հասցեի տունը,

Քանաքեռ-Զեյթուն, Դավիթ Անհաղթի փողոցի 10/1 շենքը,

Ջ.Բայրոնի ու Ղ.Փարպեցու փողոցներում գտնվող բնակարաններն ու ավտոտնակը:

Արգելադրվել են նաև Արամ Հարությունյանի բանկային հաշիվներում առկա՝ 1 մլն 704 հազար ԱՄՆ դոլարի, 11 հազար Եվրոյի և 350 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցները: Հարկ է նշել, որ հեռակա վարույթով դատաքննության արդյունքներով հնարավորություն կընձեռվի մեղադրական դատավճռի կայացման դեպքում հօգուտ պետության բռնագրավվել վերոհիշյալ դրամական միջոցներն ու գույքը՝ բռնագանձման ենթակա գումարի չափով:

Ինչպես նախկինում արդեն տեղեկացվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանը, Վիկտոր Մարտիրոսյանն ու Ալեքսան Պետրոսյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն հիշեցնում է, որ քրեական վարույթից Արաքս Դիլանյանի, Վիկտոր Մարտիրոսյանի և Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ անջատված մասերով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականին, և հիշյալ գործերն այժմ դատաքննության փուլում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader