Խաղաղությունը հնարավոր է, եթե արձանագրենք՝ ՀՀ ենք ճանաչում 29 800 քկմ տարածքը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանն իր բոլոր միջազգային հարաբերություններում հստակ արձանագրի, որ Հայաստանի Հանրապետություն է ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը: Վարչապետն այդ մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին ներկայացմանը:

«Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածք, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել: Եվ մենք որևէ այլ երկրներից որևէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլ նաև չենք ունենալու երբևէ»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ եթե այդ միտքը չարձանագրենք, չդարձնենք հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք թույլ չի տալու Հայաստանին զարգանալ, քանի որ ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ ՀՀ-ն զարգանում, ուժեղանում է:

«Ավելին՝ տվյալ պարագայում ոչ միայն մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլ մեր առնվազն պետության գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր: Եվ այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իշխանության զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ ու խաղաղ ապրելը՝ երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով: Փաշինյանը նշեց, որ դա հնարավոր է, եթե նույն ռազմավարությունը որդեգրեն նաև մյուսները, բայց Հայաստանը կարող է դա առաջինը անել: Վարչապետը շեշտեց՝ դա որևէ կերպ չի նշանակում մոռանալ ՀՀ պատմությունը, այլ նշանակում է փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը:

ajax-loader