Փետրվար ամսին 286 մլն 711 հազ. դրամ վերադարձնում ենք կենսաթոշակառուներին․ Փաշինյան

Բավական լավ տեմպ ունենք Հայաստանում կանխիկի շրջանառությունը կրճատելու առումով։ Հետք-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության մարտի 30-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով կենսաթոշակառուների անկանխիկ առևտրին՝ Փաշինյանն ընդգծեել է՝ «աճի շատ տպավորիչ տեմպը շարունակվում է»։

Ըստ նրա՝ փետրվարին անկանխիկ եղանակով իրականացվել է 3,4 մլրդ դրամի առևտուր։ 

«2022-ին այս ցուցանիշն, ըստ էության, ձգում էր 0-ի, իսկ դեկտեմբերին և հունվարին 2,7 մլրդ դրամի շրջանակում էր, ինչը նշանակում է, որ շատ էական՝ 20-25%-ով աճի տեմպը շարունակում ենք պահել։ Այս առևտրի արդյունքում փետրվարի համար 286 մլն 711 հազ. դրամ վերադարձնում ենք կենսաթոշակառուներին։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2022-ի հուլիսին կամ հունիսի վերջի դրությամբ ՀՀ-ում կար շուրջ 22 000 ակտիվ ՊՈՍ տերմինալ, այսօրվա դրությամբ ՊՈՍ տերմինալների թիվը եռապատկվել է»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այսպիսով ստվերը կրճատվում է։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ նշել է, որ 2022-ի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների միայն 1.8%-ն էր անկանխիկ վճարում, փետրվարի 1-ի դրությամբ՝ 17,5%-ը։

Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ վարչապետը նշել է, որ առևտրի շրջանառությունը մոտ 18%-ով աճել է։

ajax-loader