ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել նախագահի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ վերահսկողության տակ անցած շրջաններում՝ չնայած ռազմական դրությանը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ ԿԸՀ անդամները նման որոշում են կայացրել Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության նախարարության և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։

«Մենք պետք է անմիջապես Ռուսաստանի նախագահին և Դաշնության խորհրդին տեղեկացնենք ընդունված որոշման մասին», – հայտարարել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը։

Նա նաև նշել է, որ հանձնաժողովը պատրաստ է այն բանին, որ կլինեն նշված շրջաններում ընտրությունները խափանելու փորձեր, սակայն վստահություն է հայտնել, որ այդ խնդիրները կհաղթահարվեն։

ՌԴ նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թ․ մարտի 17-ին։ Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։

ajax-loader