Ներկայացվել են Կարեն Խուրշուդյանի թարգմանած Պոլ Էլյուարի և Բորիս Վիանի գրքերը

Արտասահմանյան գրականության երկրպագուներն այսուհետ կարող են հայերեն ընթերցել ֆրանսիացի գրողներ Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաքը, որին հաջորդում է Սեր պոեզիա»-ն գիրքն ու Բորիս Վիանի «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» վեպը: Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Հայաստանի գրողների միությունում:

Գրքերը ֆրանսերենից հայերեն է թարգմանել ֆրանսահայ բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, գրական, ազգային և հասարակական գործիչ, Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանը, որը ներկա էր շնորհանդեսին:

«Ցավոք, Էլյուար համապարփակ տեսքով երբևէ հայերեն չի թարգմանվել: Թարգմանվել են որոշ ստեղծագործություններ, բայց սա ռուբիկոնն էր, որ պետք է անցնեի և սյուրռեալիզմի այս գեղեցիկ ձեռնարկը դնեի ընթերցողի սեղանին»,-ասում է Խուրշուդյանը:

Նա գրքի նախաբանում պատմում է՝ 27 տարեկան է եղել, արագընթաց գնացքով մեկնել է Փարիզ: Այդ ընթացքում լսել է Շառլ Ազնավուրի «Մեռնել հանուն սիրո» երգը՝ նվիրված ուսուցչուհի Գաբրիել Ռուսիեին, որը սիրահարվել էր իր 18-ամյա աշակերտին: «Ինձ պատմեցին, թե ինչու է այդ երգը գրվել, թե ինչ արձագանք է հասարակության մեջ գտել սիրավեպի մասին լուրը: Այն անգամ հասել է նախագահին: Սիրահար կնոջ կերպարն արդարացնելու համար նախագահն ընթերցել է Պոլ Էլյուարի «Ով ցանկանա, կհասկանա»  բանաստեղծությունը: Այդ բանաստեղծությունն ու պատմությունն ինձ ցնցեցին, և ես ցանկացա հայերեն թարգմանել Պոլ Էլյուարի գործերը»,-պատմում է Խուրշուդյանը:

Նա հետագայում փորձել է հասկանալ, թե ինչու է Էլյուարը գրել այդ ստեղծագործությունը, ում է ցանկացել պաշտպանել:  Պարզվել է՝ հեղինակը պաշտպանել է նացիստական Գերմանիայի այն զինվորներին, որոնք սիրահարվել էին ֆրանսուհիներին: 

«Թարգմանելով այդ գիրքը՝ մտա սյուրռեալիստական հրաշագեղ, զարմանահրաշ աշխարհ, մեխանիկական գրի, դադաիզմի աշխարհ, որը մեծ մտահորիզոն բացեց իմ առաջ: Սիրով ավարտեցի գիրքը՝ թարգմանելով նաև Պոլ Էլյուարի երկու բանաստեղծություններ, որոնք տեղ չէին գտել «Ցավի մայրաքաղաք» գրքում:  Թարգմանեցի «Լեգեոն» բանաստեղծությունը՝ նվիրված հայազգի Միսակ Մանուշյանին, որն ազատագրեց Ֆրանսիան և «Ազատություն» բանաստեղծությունը, որի համար ես սիրում եմ Ֆրանսիան, քանի որ այդ երկրում իսկապես ազատությունն է ապրում, չկան ազատության կարծրատիպեր, ազատության դեր, կա ազատություն»,- շեշտում է Խուրշուդյանը և հավելում՝ Ֆրանսիան մարդու իրավունքների երկիր է, մարդու իրավունքներ, որոնք գրված չեն, այլ ուղղակի գոյություն ունեն:

Անդրադառնալով մեկ այլ ականավոր հեղինակի՝ Բորիս Վիանի «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» վեպի թարգմանությանը՝ թարգմանիչը հիշում է՝ իր գրչակից ընկերներից մեկն է ասել, որ Վիանի ստեղծագործությունների մեծ երկրպագու է, սակայն նրա գործերը ռուսերեն է կարդացել, այնինչ կցանկանար հայերեն ընթերցել ոչ թե մեկ, այլ մի քանի գործ: «Ես որոշեցի թարգմանել 20-րդ դարի Եվրոպայի ամենասկանդալային վեպերից մեկը՝ «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է»: Գրքում կան վավաշոտ էջեր, էրոտիկա, սակայն փորձել եմ այնպես թարգմանել, որ ընթերցողը չբախվի տհաճ էջերի, այլ գեղեցիկ նկարագրություններ տեսնի»,-շեշտում է Կարեն Խուրշուդյանը:

Նա չի դադարում աշխատել և այժմ թարգմանում է նույնքան բարդ ստեղծագործություն, որքան Էլյուարի և Վիանի գրքերն են, և առաջիկայում լույս է ընծայելու իր նոր գիրքը, որը խմբագրման փուլում է: Հեղինակի հինգերորդ գիրքը կոչվում է «Լռության ձայնը»: «Բոլոր գրողների կյանքում լինում են պահեր, երբ ցանկանում են շատ բան ասել, բայց տրվում են լռությանը, որն ամեն ինչի պատասխանն է»,-եզրափակում է Կարեն Խուրշուդյանը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաքը, որին հաջորդում է Սեր պոեզիա»-ն գրքի խմբագիրներից է: Նրա խոսքով՝ Էլյուար բանաստեղծը շատերին ծանոթ է որպես սյուրռեալիստ և այլ ոճերում  ստեղծագործող հեղինակ, սակայն Խուրշուդյանը հիմնականում հենց սյուրռեալիստական  գործերն է թարգմանել, որոնք  շատ բարդ են, քանի որ ասոցիատիվ մտածողությունն է դրանցում գերիշխում: Ըստ Միլիտոնյանի՝ պետք է նրբաճաշակ ընթերցող լինել այդ խորքային կապերը, համեմատությունները, պատկերներն ընկալելու համար:

Միլիտոնյանը չմոռացավ նաև Բորիս Վիանին՝ նշելով, որ առաջին անգամ հեղինակի բանաստեղծությունները հայերեն է թարգմանել բանտարկված  բանաստեղծ Սլավիկ Չիլոյանը, որի անունը գրքի վրա չկա, հետո Վիանի «Օրերի փրփուրը» վեպը թարգմանել է Աշոտ Ալեքսանյանը: «Վիանը շատ հետաքրքիր գրող է, բազմաոճ, որի գործերը դժվար է թարգմանել: «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» վեպը բարդ ու խորքային արձակ է: Թե՛ Վիանի, թե՛ Էլյուարի գրքերը  կբարձրացնեն ընթերցողների ճաշակը: Ընթերցողներից շատերը սոցցանցերում խորացել են պարզունակության ճահճուտում, այնինչ պետք է արթնանալ ու փիլիսոփայության գրականությանն անդրադառնալ»,-հավաստիացնում է Էդվարդ Միլիտոնյանը:

Շնորհանդեսին ներկաները խոսեցին թարգմանչի կատարած աշխատանքի մասին, քննարկեցին գրքերը, իսկ Արամ Հովհաննիսյանն ու Գայանե Սամվելյանը ընթերցեցին գրքերի ամենահետաքրքիր հատվածները:

ajax-loader