Հարկերի վճարումն ուշացնելու համար սահմանված տուգանքներն այլևս չեն կիրառվի

Հայաստանում նախատեսվում է հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չնշանակել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին  և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 65 կողմ, 30 ձեռնպահ ձայներ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ օրենքով սահմանված է պատասխանատվություն հարկերի վճարումն ուշացնելու համար՝ նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:

«Պատասխանատվության այս միջոցին զուգահեռ հարկային պարտավորությունների կատարման, դրանց կատարումն ապահովելու ուղղությամբ, կարծում ենք, կա բավականին ընդլայնված գործիքակազմ, օրենսդրությամբ սահմանված է նաև տույժերի հաշվարկման մեխանիզմ: Իսկ այս վարչական պատասխանատվության միջոցը պրակտիկայի ընթացքում ցույց է տվել, որ, ըստ էության, հիմնականում չի ազդում հարկ վճարողի հետագա վարքագծի վրա, ինչպես ազդում են ներգործության մյուս միջոցները: Հետևաբար, առաջարկում ենք օրենսգրքի այս հոդվածը ճանաչել ուժը կորցրած, չկիրառել այս պատասխանատվության միջոցը»,- ասաց Մանուկյանը:

Նա հավելեց՝ հիմնականում վարչական վարույթների ընթացքում պարզ է դառնում, որ պատասխանատու անձանց կողմից չվճարումը հիմնականում միջոցների բացակայությունն է լինում:

ajax-loader